Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը, ըստ լուրերի, ձեռք է բերել Թուրքիայի Բոդրում քաղաքում գտնվող Mandarin Oriental Bodrum հինգ աստղանի հանգստավայրի 50% բաժնեմասը՝ Pasha Holding-ի միջոցով կատարված 500 միլիոն եվրոյի (585.82 միլիոն դոլար) ներդրման միջոցով, գրում է Turkiye Today-ը։ Գործարքը, որն իրականացվել է թուրքական անշարժ գույքի Astas Holding-ի հետ համագործակցությամբ, իրականացրել է Pasha Holding-ը, որի խոշորագույն բաժնետերերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերն են՝ Լեյլա և Արզու Ալիևաները, ինչը բարձրակարգ հանգստավայրային ներդրումն ուղղակիորեն կապում է երկրի իշխող ընտանիքի հետ։ Mandarin Oriental Bodrum-ը, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բոդրում ափամերձ քաղաքում, բացվել է 2014 թվականի հուլիսին՝ Astas Holding-ի 650 միլիոն եվրոյի ներդրման շնորհիվ։
132 սենյակով և գերլյուքս մասնավոր վիլլաներով հանգստավայրը ստացել է ավելի քան 140 միջազգային մրցանակ՝ դառնալով Եվրոպայի լավագույն լյուքս ուղղություններից մեկը։ Թուրքական sozcu լրատվական կայքի փոխանցմամբ՝ Pasha Holding-ը հանգստավայրի ձեռքբերումն ավարտել է 2023 թվականին՝ Astas Holding-ի նախագահ Վեդաթ Աշչիի հետ համատեղ ձեռնարկության պայմանագիր կնքելուց հետո։ Բոդրումի հանգստավայրը ներառում է բացառիկ վիլլաներ, որոնց արժեքը տատանվում է 8 միլիոնից մինչև 15 միլիոն եվրոյի սահմաններում, որոնցից յուրաքանչյուրն ունի անձնական լողավազաններ և բարձրակարգ հարմարություններ։ Հոնկոնգում գործող Mandarin Oriental Hotel Group-ի կողմից կառավարվող նախագիծը ներառում է նաև բնակելի միավորներ՝ Mandarin Oriental ապրանքանիշի ներքո։ Astas Holding-ը նախագծի շինարարությունը սկսել է 2011 թվականին՝ 2010 թվականին հողատարածքը ձեռք բերելուց հետո։
Ընկերությունը հիմնադրվել է Գերմանիայում Վեդաթ Ասքիի կողմից՝ միջազգային առևտուրը խթանելու համար, և այդ ժամանակվանից ի վեր դարձել է Թուրքիայի զբոսաշրջության և անշարժ գույքի ոլորտներում խոշոր ներդրող։ Գործընկերությունից հետո Astas-ի նախագահ Վեդաթ Ասչին ասել է, որ Pasha Holding-ի հետ համագործակցությունը երկարաժամկետ արժեք կհաղորդի ինչպես Բոդրումին, այնպես էլ Թուրքիային։ Նա ընդգծել է, որ նախագիծը մեծ դեր է խաղացել Բոդրումի համաշխարհային շքեղ հանգստավայրերի շարքում ճանաչելիության բարձրացման գործում և վստահություն է հայտնել, որ համատեղ ձեռնարկությունն օգուտ կբերի ամբողջ զբոսաշրջային ոլորտին։
Pasha Holding-ն Ադրբեջանի խոշորագույն բիզնես խմբերից մեկն է, որը զգալի գործունեություն է ծավալում բանկային, անշարժ գույքի և զբոսաշրջության ոլորտներում։ Pasha Holding-ն Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հոր՝ Արիֆ Փաշաևի սեփականությունն է, այստեղ բաժնեմասեր ունեն նաև նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։ Հոլդինգին է պատկանում նաև Բաքվի «Աբշերոն» հյուրանոցը, այն վերահսկում է Ադրբեջանի բանկային հատվածի մոտ 33%-ը։ Իր ֆինանսական թևի՝ Pasha Bank-ի միջոցով խումբն ընդլայնվել է հարևան Վրաստանում և 2013 թվականին մուտք գործել թուրքական շուկա։ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ Pasha Holding-ի ընդհանուր ակտիվները կազմել են 15,5 միլիարդ ադրբեջանական մանաթ, որը համարժեք է շուրջ 9,5 միլիարդ դոլարի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Factor.am







