Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքում հրապարակվել է թուրք սյունակագիր Մ. Ալթընոքի հոդվածը՝ «Հայաստանը դուրս է գալիս իր պատյանից» վերնագրով:
Հոդվածում հեղինակը Մ. Ալթընոքը գրում է, որ Հայաստանը քննարկում է վարչապետ Ն. Փաշինյանի առաջ քաշած սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որը նպատակ ունի վերանայել Սահմանադրությունում առկա անկախության հռչակագրին արված պատմական հղումները, մեղմացնել ինքնության վերաբերյալ պետության խոսույթը, դարձնել դատական և գործադիր իշխանությունները ավելի գործունակ, ինչպես նաև ազատել արտաքին քաղաքականությունը սահմանադրական սահմանափակումներից։
Ըստ հեղինակի գործընթացը չի սահմանափակվում տեխնիկական շտկումներով, այլ ուղղված է նրան, որ Հայոց ցեղասպանության պատմական հիշողությունը այլևս չպետք է մնա պետականության առանցքում. «Փաշինյանը տեսնում է, որ «սգի» վրա հիմնված քաղաքականությամբ կառավարվող երկիրը դատապարտված է փակուղային իրավիճակի։ Նա գիտակցում է, որ անցյալի մասին մշտապես խոսող քաղաքականությամբ հնարավոր չէ կառուցել ապագա։ Այս քայլը նշանակում է Հայաստանի՝ ինքն իր հետ ունեցած հարաբերության վերաիմաստավորում։ Հարցն այլևս ոչ թե «ի՞նչ եղավ մեզ հետ անցյալում», այլ՝ «Ինչպե՞ս ենք մենք ապրելու որպես պետություն այս աշխարհագրությունում/տարածաշրջանում» է։
Ըստ հոդվածի հեղինակի, տարիներ շարունակ Հայաստանը իր անվտանգությունն ու պետական մտածողությունը կառուցել է Ռուսաստանի վրա հենվելով, սակայն Ղարաբաղյան պարտությունը բացահայտեց այդ մոդելի լիակատար ձախողումը․ կախվածությունը Մոսկվայից չապահովեց ոչ անվտանգություն, ոչ էլ զարգացում։ Հեղինակը գրում է, որ ինքնության շուրջ կոշտ խոսույթը, պատմական պահանջներն ու «մշտական զոհի» նարատիվը Հայաստանը փակել են ճգնաժամային ու արտաքին կախվածության մեջ գտնվող քաղաքական ուղու վրա։
Հոդվածի համաձայն՝ Փաշինյանը փորձում է փոխել Հայաստանի պետական մտածողության հիմքը՝ կանխելով, որ անցյալի պատմական ու գաղափարական բեռը շարունակի կառավարել երկիրը։ Չնայած Սահմանադրության նոր նախագիծ դեռ չկա, ուղղությունը հստակ է․ նվազեցնել պատմական ու գաղափարական բեռը, և խաղաղությունն ու կարգավորումը տեսնել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես քաղաքական ընտրություն։ Փաշինյանի այն միտքը, թե «եթե խաղաղության պայմանագիրը խոչընդոտվում է Սահմանադրությամբ, գուցե խնդիրը Սահմանադրության մեջ է», հեղինակն ընկալում է որպես այս մոտեցման կենտրոնական ուղերձ։Հոդվածում նշվում է, որ սփյուռքի անհանգստությունը բխում է նրանից, որ իր համար ինքնությունը հիշողության ու պատմական նարատիվների, մինչդեռ Փաշինյանի համար՝ կառավարման մասին է։ Եվ Երևանում ապրողների օրակարգը կենտրոնացած է կառավարման, բարգավաճման, կայունության ու կանխատեսելի ապագայի վրա։ Այս հակադրությունն, ըստ հեղինակի, դարձել է Հայաստանի քաղաքականության հիմնական բաժանարար գծերից մեկը։ Եվրոպայի և ԱՄՆ-ի սփյուռքը չի հետաքրքրվում «մայր հայրենիքի» կենսական խնդիրներով։
«Թուրքիայի հետ կարգավորման ձգտումն էլ այս պատկերի մասն է։ Փաշինյանը փորձում է հարևանների հետ հարաբերությունները դուրս բերել բարոյական հաշվեհարդարի դաշտից և տեղափոխել տնտեսական ու քաղաքական կարգավորման հարթություն։ Այն դեպքում, երբ Ալիևը Զանգեզուրի միջանցքի հարցում մերձենում է ԱՄՆ-ի հետ, Փաշինյանի կողմից Անկարան որպես հասցեատեր մատնանշելը նույնպես այս նոր ուղղվածության նշաններից է։ Այս բոլոր քայլերը համահունչ են Հայաստանը մեծ տերությունների նախագծերից դուրս բերելու և սեփական իրականության հետ առերեսելու նպատակին։Փաշինյանը քայլում է ռիսկային ճանապարհով և մեծ հաշվով միայնակ է։ Սակայն փոքր երկրների համար իրական վտանգը ոչ թե փոխվելն է, այլ՝ չփոխվելը։ Հայաստանի ժողովուրդը պետք է օգտվի Փաշինյանից/Փաշինյանի կառավարումից։ Նրանք գուցե այլևս հեշտությամբ չգտնեն այս աստիճան լայնախոհ և համարձակ առաջնորդի»,-նշվում է հոդվածում։
Թարգմանությունը՝ «Region Monitor»-ի։








