Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ շարունակում են մնալ լարված: Օրերս ԵՄ-ն որոշում է կայացրել չեղարկել Վրաստանի դիվանագիտական անձնագրերով անձանց համար առանց վիզայի ռեժիմը: Միաժամանակ վերջին շրջանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելել ԱՄՆ: Վրաստան-ԵՄ, Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ վիճակի և հնարավոր զարգացումների մասին զրուցել ենք վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ:
–Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի դիվանագիտական անձնագրերով անձանց համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու ԵՄ որոշումը: Արդյո՞ք սա խորհրդանշական քայլ է, թե՞ հետագա ավելի կոշտ գործողությունների նախազգուշացում:
Վերջին տարիներին Վրաստան-Եվրոպա հարաբերությունները ճգնաժամում են և այդ ճգնաժամից դուրս գալու ելք, կարծես թե, կողմերը չեն էլ փնտրում։ Վրացական կողմն օգտագործում է կոշտ հռետորաբանություն, իսկ Եվրոպան իր հերթին ընդունում ինչ-որ բանաձևեր։ Վերջին օրինակը վերաբերում է դիվանագիտական անձանց համար առանց վիզայի ռեժիմի դադարեցման որոշմանը։ Սա վերաբերելու է դիվանագիտական անձնագրեր ունեցողների ավելի լայն շրջանակի, քանի որ դեռ 2025թ․ հունվարին ԵՄ-ն դադարեցրել էր վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցող պաշտոնյաների համար առանց վիզայի ճամփորդելու հնարավորությունը։ Ամիսներ անց Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ թեև այդ որոշումն ամոթալի է, բայց ինքն անձամբ վիզայով մեկնել է եվրոպական երկիր։ Այսինքն՝ ըստ էության, լուրջ ճնշում կամ հետևանք նմանօրինակ որոշումները կամ բանաձևերը չեն ունենում։
Այս պարագայում էլ դիվանագիտական անձնագրեր ունեցողները, հավանաբար, դիմելու են վիզա ստանալու համար։ Կոշտ գործողության մասին հնարավոր կլինի խոսել այն դեպքում, եթե առանց վիզայի ռեժիմը դադարեցվի Վրաստանի բոլոր քաղաքացիների համար։ Սակայն, եվրոպական պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ չեն ուզում հասարակ քաղաքացիները տուժեն դրանից։ Ժամանակը ցույց կտա, թե հավելյալ ինչ միջոցներ կձեռնարկվեն, սակայն վրացական պաշտոնական տեսակետն այն է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ճանապարհորդությունը «էքզիստենցիալ» չէ։
-Վրաստան-ԵՄ հարաբերությունների սրման ֆոնին որքանո՞վ է իսկապես վտանգված Թբիլիսիի եվրոպական ինտեգրման գործընթացը։
Վրաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն արդեն տևական ժամանակ լարված են, սակայն Վրաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն չի եղել։ Օրերս Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե եվրոպական ինտեգրացիան Վրաստանի սահմանադրական նպատակն է։ Բայց կարող են քննարկել դրա բացասական և դրական կողմերը։ Այնուամենայնիվ, այս փուլում բավական բարդ է խոսել Վրաստանի եվրոպական ինտեգրացիայի մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ երկրներ դադարեցրել են Վրաստանի հետ համագործակցությունը, թե՛ եվրոպական, թե՛ վրացական ամենաբարձր ամբիոններից միմյանց նկատմամբ քննադատական հայտարարությունների և մեղադրանքների պակաս էլ չի նկատվում։ Պետք է նշեմ նաև, որ նույնը չենք կարող ասել Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին, որտեղ թեև լուրջ խնդիրներին և ռազմավարական համագործակցության մեխանիզմի կասեցմանը հռետորաբանությունն այլ տեսք ունի։
-Վրաստան-ԱՄՆ հարաբերություններում կա՞ երկխոսության ակտիվացման միտում՝ հաշվի առնելով, որ Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Լաշա Դարսալիան և ՊԱԾ ղեկավարը վերջերս մեկնել էին ԱՄՆ, իսկ վարչապետ Կոբախիձեն հայտարարել էր, որ իր երկիրը լիովին բաց է ԱՄՆ հետ հարաբերությունների վերագործարկման և ռազմավարական գործընկերության վերականգնման համար:
Վրաստանի ներկայիս կառավարությունը տարուց ավելի է սպասում է ԱՄՆ-ից որևէ ազդակի։ ԱՄՆ-ում նոր վարչակազմի կառավարման օրոք Վրաստան-ԱՄՆ հարաբերություններում տեսանելի փոփոխություններ դեռևս չկան, սակայն վերջին ամսվա ընթացքում վրաց-ամերիկյան հարաբերություններում վստահորեն ինչ-որ փոփոխություններ ընթանում են։ Դրանք կարող են կապված լինել ինչպես ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացների հետ, այնպես էլ՝ վրաց-ամերիկյան փոխգործակցությունը վերականգնելու հետ։ Հարկ է նշել, որ թե՛ Դարսալիայի այցը, թե այդ նույն ժամանակահատվածում Միլանում Օլիմպիական խաղերի բացմանը Վրաստանի նախագահի, արտգործնախարարի արարողակարգային հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի և Պետքարտուղարի հետ վրաց հասարակությանն իշխանամետ լրատվամիջոցները ներկայացնում էին որպես վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնման իրողություններ։ Այնուամենայնիվ, Դարսալիայի այցի վերաբերյալ ամերիկյան պաշտոնական արձագանքում գլխավորապես շեշտվել է, որ քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության հնարավորությունները՝ հիմնվելով 2025թ․ օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական խաղաղության համաձայնագրի վրա։ ԱՄՆ Պետդեպի խոսնակի մեկ այլ հայտարարությամբ էլ նշվել է, որ «նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը վերափոխող հնարավորություններ է ընձեռում ամբողջ Հարավային Կովկասի համար: Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել այս համաձայնագրի հնարավոր կայունությունից և բարգավաճումից»։ Խոսնակը հավելել էր, թե շարունակելու են համագործակցել Վրաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերությունների և Վրաստանի քաղաքական միջավայրի վրա ազդող հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկելու են կոնկրետ քայլեր, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման նկատմամբ լուրջ վերաբերմունքը հաստատելու համար։
Ենթադրում եմ, որ առաջիկայում կարող ենք ականատես լինել վրաց-ամերիկյան հարաբերություններում որոշ տեղաշարժերի, բայց թե դրանք որքանով կարող են վերափոխել ԱՄՆ-ի՝ նախկինում որդեգրած քաղաքականությունը, պարզ կլինի հընթացս։
-Եթե Վրաստանը չկարողանա վերականգնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ի՞նչ արտաքին քաղաքական վերադասավորումներ կարող են տեղի ունենալ։ Դա ինչպե՞ս կազդի երկրի ներքաղաքական կյանքի վրա:
Վրաստանում ներքաղաքական կյանքն էականորեն հանգիստ է այժմ։ Ընդդիմադիր գործիչների մեծ մասն անազատության մեջ է, մեծապես խստացվել են հանրահավաքներ իրականացնելու մեխանիզմները։ Քաղհասարակությունն այժմ լուրջ խնդիրներ ունի նաև միջազգային ֆինանսավորման հետ կապված։ Այդ իսկ պատճառով, առաջիկայում Վրաստանում ներքաղաքական լուրջ զարգացումներ չեն լինի և երկիրը կենտրոնացած է լինելու միջազգային գործընկերների հետ հարաբերությունների կարգավորման կամ զարգացման վրա։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններին, ապա գոնե առաջիկայում որևէ լուրջ փոփոխության մասին խոսելն անիմաստ է։ Վրաստանն ամեն հնարավորն ու անհնարին անում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու, ինչպես նաև տարածաշրջանային նախագծերից դուրս չմնալու համար։ Այլ հարց է ԵՄ-ի հետ գործընկերությունը, որի կարգավորման համար դեռևս չկան իրատեսական լուծումներ։








