Փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացական իշխանամետ «Իմեդի» և «POSTV» հեռուստաընկերությունների դեմ՝ ռուսական ապատեղեկատվության տարածման մեջ ներգրավված լինելու կասկածանքով։
Վրացական ընդդիմադիր «Formulanews»-ի փոխանցմամբ՝ բրիտանական կառավարության որոշմամբ սառեցվել են երկու հեռարձակողների ակտիվները, նրանց տնօրենները որակազրկվել են, իսկ վստահության հետ կապված ծառայությունների մատուցումը սահմանափակվել է։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ առկա է հիմնավորված կասկած, որ «Իմեդի» և «POSTV» հեռուստաընկերությունները դիտավորյալ մոլորեցնող տեղեկատվություն են տարածում Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման վերաբերյալ։ Լոնդոնի գնահատմամբ՝ նման տեղեկատվական գործունեությունը նպաստում է Ուկրաինայի ապակայունացմանը և սպառնալիք է ներկայացնում երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նշված հեռուստաընկերությունները պարբերաբար տարածել են այնպիսի թեզեր, ըստ որոնց՝ Ուկրաինայի կառավարությունն ու նախագահը անօրինական են, Ուկրաինան Արևմուտքի «խամաճիկ» է և կոռումպացված պետություն, ինչպես նաև Ուկրաինան և արևմտյան երկրները փորձում են ապակայունացնել Վրաստանը։








