ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հերթական կոշտ հայտարարությամբ՝ սպառնալով ռմբակոծել Իրանի էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզու ռազմավարական նավթային հանգույցը, եթե մոտ ժամանակներս համաձայնություն ձեռք չբերվի պատերազմին վերջ տալու և Հորմուզի նեղուցով առևտրային երթևեկությունը վերաբացելու շուրջ։ Փոխանցում է NBC News-ը:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը «լուրջ քննարկումների» մեջ է Իրանի «նոր և ավելի ողջամիտ վարչակարգի» հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։ Չնայած Թեհրանում հոգևոր վերնախավի շարունակվող իշխանությանը՝ Թրամփը կրկին պնդել է, որ իրականացված ռազմական գործողությունները հաջողությամբ հանգեցրել են վարչակարգի փոփոխության։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ թեև բանակցություններում զգալի առաջընթաց կա, սակայն եթե Հորմուզի նեղուցն անհապաղ չվերաբացվի, ԱՄՆ-ն կավարտի իր ներկայությունն Իրանում՝ հիմնահատակ ոչնչացնելով երկրի էլեկտրակայանները, նավթահորերը, Խարգ կղզին և, հնարավոր է, նաև ջրի աղազատման կայանները։ Թրամփն ընդգծել է, որ այդ օբյեկտներին մինչև օրս միտումնավոր «ձեռք չեն տվել»։ Նա այս հնարավոր հարվածները որակել է որպես հատուցում այն բազմաթիվ ամերիկացի զինվորների համար, ովքեր սպանվել են Իրանի նախկին վարչակարգի «47-ամյա ահաբեկչական կառավարման» ընթացքում։
Հատկանշական է, որ Թեհրանը հերքում է բանակցություններում որևէ առաջընթացի առկայությունը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի էներգետիկ համակարգին հարվածներ չհասցնելու վերջնաժամկետը երկարաձգում է մինչև ապրիլի 6-ը։ Սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ Financial Times-ին տված հարցազրույցում նախագահը խոստովանել էր, որ իր «ֆավորիտային տարբերակը» Իրանի նավթին տիրանալն է, ինչը կպահանջի ամերիկյան ուժերի երկարատև ներկայություն Խարգ կղզում, որտեղով անցնում է իրանական նավթի արտահանման 90%-ը։








