Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հանդես է եկել տագնապալի կանխատեսմամբ՝ նախազգուշացնելով, որ նույնիսկ եթե Իրանի դեմ պատերազմն այս շաբաթ ավարտվի, աշխարհն այս տարի միևնույն է կբախվի նավթի լուրջ դեֆիցիտի։ Ըստ կառույցի փորձագետների՝ հակամարտությունն արդեն իսկ հասցրել է խորը հետք թողնել համաշխարհային էներգետիկ շուկայի և տնտեսական աճի հեռանկարների վրա։
ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվիե Գուրինշան CNN-ին տված հարցազրույցում պարզաբանել է, որ նույնիսկ Հորմուզի նեղուցի անհապաղ վերաբացումը չի կարող չեզոքացնել այն բացասական էֆեկտը, որն արդեն ձևավորվել է։ Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) տվյալներով՝ մարտ ամսին նավթի համաշխարհային մատակարարումը կրճատվել է օրական 10,1 միլիոն բարելով, ինչը համարվում է պատմության մեջ մատակարարման ամենամեծ խափանումը։
Թեև մինչ պատերազմի մեկնարկը համաշխարհային տնտեսությունը դրական դինամիկա էր դրսևորում՝ շնորհիվ արհեստական բանականության ոլորտում ներդրումների և առևտրային անորոշության նվազման, ներկայումս իրավիճակը կտրուկ փոխվել է։ ԱՄՀ-ն 2026 թվականի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումն իջեցրել է մինչև 3,1%, սակայն սա միայն լավատեսական սցենարն է։
Հիմնադրամը մշակել է նաև իրադարձությունների զարգացման ավելի վատթար սցենարներ։ Եթե հակամարտությունը երկարաձգվի, և էներգակիրների գները հունվար ամսվա համեմատ աճեն 100-200%-ով, ապա համաշխարհային տնտեսական աճը կնվազի մինչև 2%։ Տնտեսագիտական ձևակերպմամբ՝ սա նշանակում է համաշխարհային ռեցեսիայի իրական վտանգ, ինչը 1980 թվականից ի վեր տեղի է ունեցել ընդամենը չորս անգամ։
Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ համաշխարհային գնաճն այս տարի կհասնի 4,4%-ի։ Այս ֆոնին ԱՄՀ-ն կոչ է անում կառավարություններին լինել զգույշ և չփորձել բյուջետային մեծածավալ ծախսերով մեղմել վառելիքի գների ազդեցությունը սպառողների վրա, քանի որ պետական ֆինանսները շատ երկրներում արդեն իսկ սպառման եզրին են։
Պատերազմի տնտեսական հետևանքներն առավել զգալի են Ասիայում, որտեղ մի շարք երկրներ արդեն բախվում են վառելիքի պակասի։ Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջիմ Չալմերսը հայտարարել է, որ սա «չափազանց վտանգավոր ժամանակաշրջան է աշխարհի համար»։ Ավստրալիան արդեն իսկ ստիպված է եղել կիսով չափ կրճատել բենզինի և դիզելային վառելիքի հարկերը՝ սպառողներին որոշակի թեթևացում տալու համար։
Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փաստացի փակումը կանգնեցրել է համաշխարհային հում նավթի մոտ մեկ հինգերորդի, ինչպես նաև բնական գազի, հելիումի և պարարտանյութերի զգալի մասի մատակարարումը։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ G20-ի երկրները, տնտեսական կոլապսից խուսափելու միակ ելքը տեսնում են պատերազմի շուտափույթ դադարեցման մեջ, ինչը կլինի առաջիկա միջազգային տնտեսական համաժողովների գլխավոր օրակարգը։








