Մեքսիկայի զբոսաշրջային վայրերից մեկում տղամարդը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով կա մեկ զոհ։ Euronews-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու հարձակման դրդապատճառները, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսօրին մոտ: Մեքսիկայի պատմական Տեոտիուական բուրգերից մեկի գագաթին կանգնած զինված տղամարդը կրակ է բացել զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է մեկ կանադացի, իսկ առնվազն 13 մարդ վիրավորվել է։
Նշվում է, որ մի քանի հոգի վայր են ընկել հրաձգության սկսվելուն պես, որոշները՝ բուրգերի վրա բարձրանալու ժամանակ: Բուժօգնության համար հիվանդանոցներ տեղափոխվածների թվում են ԱՄՆ վեց քաղաքացի, երեք կոլումբիացի, երկու բրազիլացի, մեկ ռուս և մեկ կանադացի, հայտնել է տեղի կառավարությունը: Հրաձգության հետևանքով վիրավորված ամենափոքր անձը 6 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ 61:
Ականատեսներից մեկը նշել է, որ այնտեղ հազարավոր մարդիկ կային, և բազմաթիվ կրակոցներ էին հնչում, որոնք պարզապես չէին դադարում ու հավելել է, որ տեսարանն արագորեն վերածվել է քաոսի, երբ մարդիկ փորձել են փախչել:
Տեոտիուականի բուրգերը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, Մեքսիկայի մայրաքաղաքի մատույցներում գտնվող հսկայական կառույցների համալիր են՝ կառուցված երեք տարբեր հնագույն քաղաքակրթությունների կողմից:
Որպես Մեքսիկայի ամենակարևոր զբոսաշրջային վայրերից մեկը՝ այն տարեկան ավելի քան 1.8 միլիոն միջազգային այցելու է ընդունում՝ համաձայն կառավարության վերջին տվյալների:







