Բեյրութի վրա ցանկացած հարձակում կլինի բացահայտ ագրեսիա, որը կունենա ծանր հետևանքներ և կհանգեցնի պատերազմի լիակատար վերսկսմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախարարն ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումն այս հարցում հստակ է. պատերազմի դադարեցումն ու հրադադարը պետք է միաժամանակ ուժի մեջ մտնեն բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Արաղչին նաև հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ կապը չի կտրվել, սակայն բանակցություններում որևէ առաջընթաց դեռ չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական կողմը սպառնացել էր դադարեցնել ԱՄՆ հետ երկխոսությունը, եթե Իսրայելն ընդլայնի Լիբանանում ռազմական գործողությունները:







