ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով պահանջում է դադարեցնել ամերիկյան բանակի ռազմական գործողություններն Իրանում: Թեև Կոնգրեսի այս պալատում հանրապետականները մեծամասնություն են կազմում, չորս հանրապետական պատգամավորներ միացել են դեմոկրատներին և կողմ քվեարկել նախագահի պատերազմական լիազորությունները սահմանափակող նախագծին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Այս քայլն առավելապես խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ բանաձևը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից, որտեղ հանրապետականները կրկին ձայների ոչ շատ մեծ առավելություն ունեն: Եթե Սենատն ընդունի այն, նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, վետո կդնի և թույլ չի տա, որ նախագիծն ուժի մեջ մտնի:
Ըստ լրատվամիջոցի՝ այնուամենայնիվ, սա հստակ քաղաքական ուղերձ է Թրամփին՝ հաշվի առնելով, որ հանրապետականներն ու դեմոկրատները պատրաստվում են նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին: Դեմոկրատներն արդեն հայտարարել են, որ սա ամերիկացի ժողովրդի անունից ուղղված պահանջ է Թրամփին՝ վերջ տալու Իրանում նրա սկսած «անօրինական պատերազմին»:







