Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնացրել են պատերազմի դադարեցման վերաբերյալ հուշագրի տեքստը, այն կստորագրվի հունիսի 19-ին: Այս մասին հայտնել են Իրանի, ԱՄՆ-ի և միջնորդ Պակիստանի պաշտոնյաները:
Հուշագրի տեքստը դեռ չի հանրայնացվել: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ հուշագրով նախատեսվում է.
- Արդեն այս գիշերվանից պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ։
- Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերացում:
- Հուշագրի ստորագրումից հետո Հորմուզի նեղուցի բացում:
- 10-14մլրդ դոլարի իրանական հաշիվների ապասառեցում:
Ըստ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի՝ բանակցությունների հաջորդ՝ 60-օրյա փուլը կմեկնարկի պատերազմի դադարեցման, շրջափակման վերացման և իրանական ակտիվների ապասառեցման հետ կապված ամերիկյան կողմի պարտավորությունների կատարումից հետո։
Հաջորդ փուլի օրակարգում ներառված են միջուկային խնդիրը, Իրանի դեմ սահմանված բոլոր (առաջնային և երկրորդային) պատժամիջոցների, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ-ի ու ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևերի չեղարկման հարցերը: Կողմերը կքննարկեն նաև Իրանի տնտեսական վերականգնման մեխանիզմներն ու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության սահմանումը:







