Օմանի Սուլթանությունը հայտնել է Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ժամանակավոր ծովային միջանցք բացելու մասին։ Նախաձեռնությունն իրականացվել է Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) հետ համակարգման շրջանակում՝ նպատակ ունենալով ապահովել նավարկության անվտանգությունն ու համաշխարհային առևտրի անխափան շարունակականությունը, հայտնել են Օմանի ԱԳՆ-ից։
Հայտարարության համաձայն՝ որոշումը բխում է Սուլթանության պատասխանատվությունից՝ որպես Հորմուզի նեղուցի ափամերձ պետություն, ինչպես նաև միջազգային իրավունքի և ծովային իրավունքի նորմերին հավատարիմ մնալու պարտավորությունից։ Ընդգծվում է, որ նեղուցով անցնող նավերից որևէ տարանցիկ վճար չի գանձվելու։
Ժամանակավոր միջանցքից օգտվել ցանկացող նավերը պետք է իրենց երթուղիները համաձայնեցնեն ՄԾԿ-ի և Օմանի համապատասխան մարմինների հետ՝ առաջնորդվելով հրապարակված կոորդինատներով և անվտանգության ցուցումներով։
ՄԾԿ-ի գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը ողջունել է ձեռք բերված համաձայնությունը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ ծովային անվտանգության վերականգնման և քաղաքացիական նավագնացության դեմ հարձակումների դադարեցման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը շուտով կսկսի տարածաշրջանում դեռևս մնացած ավելի քան 11 հազար նավաստիների տարհանման լայնածավալ գործողությունը, որը կիրականացվի Իրանի, Օմանի, տարածաշրջանի մյուս ափամերձ պետությունների, ԱՄՆ-ի ներկայացուցիչների համագործակցությամբ։








