Ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին Իսրայելում համապետական ընտրություններ կկայանան։ Սա վերջին կես դարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ երկրի կառավարությունն ամբողջությամբ կպաշտոնավարի օրենքով սահմանված չորս տարվա ժամկետը՝ առանց խորհրդարանի վաղաժամ լուծարման: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրան»:
Այս ընտրությունները ճակատագրական են համարվում վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար, որն ավելի վաղ հայտնել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Նեթանյահուի դիրքերը, սակայն, խիստ թուլացել են Գազայի պատերազմի ֆոնին։ Նրան մեղադրում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը կանխել չկարողանալու, անվտանգության համակարգի ձախողման և տված խոստումները չկատարելու մեջ, քանի որ պատերազմի մեկնարկից գրեթե երեք տարի անց ՀԱՄԱՍ-ը դեռևս ոչնչացված չէ, իսկ Իսրայելը հայտնվել է միջազգային քննադատության կենտրոնում։ Բացի այդ, Նեթանյահուն ներկայումս դատվում է կոռուպցիայի մեղադրանքով և մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման։
Նեթանյահուի գլխավոր մրցակիցը բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Էյզենկոտն է, որը նախկինում անդամակցում էր ռազմական կաբինետին, սակայն հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ կառավարությունը լիովին ձախողել է պատերազմի նպատակները։
Վերջին սոցհարցումների տվյալներով՝ Էյզենկոտի «Յաշար» կուսակցությունը չնչին տարբերությամբ արդեն առաջ է անցել գործող վարչապետի «Լիկուդ» կուսակցությունից։ Ստեղծված իրավիճակում, մինչև խորհրդարանի արձակուրդ գնալը, Նեթանյահուի կառավարությունը փորձում է արագորեն ընդունել մի քանի աղմկահարույց օրենքներ, այդ թվում՝ դատական բարեփոխումների փաթեթը և բանակից խուսափող ուլտրաօրթոդոքս հրեաների ձերբակալությունները կասեցնող օրինագիծը, որպեսզի կարողանա ամրապնդել իր դիրքերը նախընտրական փուլում։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ ներքին և արտաքին լուրջ մարտահրավերների պատճառով սա կլինի Իսրայելի պատմության ամենաճակատագրական և լարված ընտրարշավը 1948 թվականի պետության հիմնադրումից ի վեր։








