Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, որ մեկ պետության ակտիվների բռնագրավումը՝ այլ պահանջների փոխհատուցման նպատակով, կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել միջազգային հարաբերություններում, հայտնել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։
Արաղչիի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական հարթակում գրել էր, որ ապագայում նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ցանկացած վնաս կփոխհատուցվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող սառեցված իրանական ակտիվների հաշվին։
«Այս հայտարարությունը թող համարվի պաշտոնական ծանուցում, որ այսուհետ նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ցանկացած վնաս կփոխհատուցվի այն իրանական միջոցներից, որոնք գտնվում են ԱՄՆ-ի տիրապետության և վերահսկողության ներքո»,- գրել էր Թրամփը։
Ի պատասխան՝ Արաղչին X սոցիալական հարթակում նշել է, որ նման քայլը կխաթարի պետությունների ակտիվների անձեռնմխելիության վերաբերյալ միջազգային նորմերը։
«Մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը՝ ապագա և դրանց հետ կապ չունեցող պահանջների փոխհատուցման նպատակով, չափազանց վտանգավոր նախադեպ է։ Նրանք, ովքեր ողջունում կամ շահում են նման միջոցներից, պետք է հիշեն՝ եթե պետությունները նորմալացնեն ակտիվների բռնագրավումը, ապա ոչ մեկի ունեցվածքն այլևս անվտանգ չի լինի։ Դրան հաջորդող քաոսը չի լինի ո՛չ խաղաղ, ո՛չ էլ վերահսկելի»,- նշել է Իրանի արտգործնախարարը։
Հայտարարությունների փոխանակումը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ ԱՄՆ-ը շարունակել է Իրանի դեմ ռազմական գործողությունները՝ արդեն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածներ հասցնելով երկրի տարբեր շրջաններին։ Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։







