ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի կեսօրին վերսկսվելու են Իրանի հետ բանակցությունները: Նա նշել է, որ չեղարկել է Իրանի դեմ նախապատրաստվող «մասշտաբային հարձակումը»: Այս մասին հայտնում է CNN-ը:
Լրագրողների հետ զրույցում Թրամփն ընդգծել է, որ ամերիկյան կողմը պատրաստ էր Իրանի դեմ խոշարամասշտաբ գործողության, սակայն դաշնակիցների խնդրանքով որոշվել է փորձել դիվանագիտական լուծում գտնել: Ըստ Թրամփի՝ հարվածը չեղարկելու խնդրանքով իրեն են դիմել Մերձավոր Արևելքի դաշնակիցները, մասնավորապես Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, ինչպես նաև հենց Իրանը:
ԱՄՆ նախագահի փոխանցմամբ՝ բանակցությունների առանցքում լինելու է Հորմուզի նեղուցի հարցը և Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը: Չնայած սրան՝ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է լիարժեք մարտական պատրաստվածության վիճակում մնալ:
Իրանական պետական աղբյուրները, սակայն, հերքում են, որ հարվածները չեղարկելու խնդրանքով դիմել են Թրամփին: Իրանական ԶԼՄ-ներն ԱՄՆ նախագահի հայտարարությունները որակել են որպես հետքայլ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մեկշաբաթյան լայնածավալ գործողություն են իրականացնելու Իրանի դեմ՝ չեզոքացնելու վերջինիս հրթիռային կարողությունները:







