Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարման համատեղ մեխանիզմ ձևավորելու ուղղությամբ Իրանի ու Օմանի քննարկումները շարունակվում են: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Արաղչին նշել է, որ բանակցությունները եզրափակիչ փուլում են և մոտենում են հանգուցալուծմանը:
Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային IRNA պետական լրատվական գործակալության հետ զրույցում պարզաբանել է, որ նավագնացության նոր երթուղու շուրջ Թեհրանի և Մասկատի փոխըմբռնումը չի նշանակում, թե Հորմուզի նեղուցը կվերաբացվի: Բաղային այդ համաձայնությունը որակել է որպես «անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման»:
Իրանցի դիվանագետը նեղուցի փակ լինելու պատասխանատվությունը դրել է Վաշինգտոնի վրա՝ նշելով, որ իրավիճակի պատճառը «Միացյալ Նահանգների կողմից պարտավորությունների խախտումն է և Իրանի դեմ իրականացվող ամերիկյան ծովային շրջափակումը»: Նրա ընդգծմամբ՝ Հորմուզի նեղուցի վերաբացումը բոլորովին այլ հավասարում է և կապված չէ Օմանի հետ նոր երթուղու շուրջ համաձայնությամբ:








