Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մտադիր է Եվրոպական միության քննարկումներին առաջարկել Աֆրիկայում միգրանտների վերադարձի կենտրոններ ստեղծել՝ կիրառելով այն մոդելը, որն Իտալիան փորձել է իրականացնել Ալբանիայում։ Այս մասին գրում է իտալական «Corriere della Sera»-ն։
Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին առաջարկը կներկայացնի երեքշաբթի նախատեսված ԵՄ խորհրդի նիստում։ Նախնական ցանկում ընդգրկված են ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Ուզբեկստանը, Մոնտենեգրոն և Եթովպիան։ Կենտրոնները նախատեսվում է ֆինանսավորել եվրոպական միջոցներով և օգտագործել այն միգրանտների վերադարձի գործընթացը կազմակերպելու համար, որոնց ԵՄ երկրները ցանկանում են վերադարձնել իրենց ծագման կամ այլ երկրներ։ Մելոնիի կառավարությունը ցանկանում է նաև խստացնել այն ծրագրի կիրառումը, որով զարգացող երկրներին տրամադրվող առևտրային արտոնությունները կարող են կապվել միգրացիոն համագործակցության հետ։ Այսինքն՝ որոշ երկրներ կարող են տնտեսական առավելություններ ստանալ, եթե համագործակցեն ԵՄ-ի հետ և ընդունեն իրենց այն քաղաքացիներին, որոնք ապօրինի բնակվում են Եվրոպայում։
«Ալբանիայի մոդելը», որի վրա հիմնված է Մելոնիի առաջարկը, նախատեսում էր Իտալիայից որոշ միգրանտների տեղափոխել Ալբանիայում ստեղծված կենտրոններ՝ նրանց ապաստանի դիմումները քննարկելու և վերադարձի գործընթացը կազմակերպելու համար։ Նշենք, որ ծրագիրը Իտալիայում երկար ժամանակ իրավական և քաղաքական վեճերի պատճառ է դարձել։
Մելոնիի նախաձեռնությունը կապված է նաև ԵՄ-ում միգրացիոն քաղաքականության շուրջ շարունակվող քննարկումների հետ։ Իտալիայի վարչապետը պնդում է, որ ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը ոչ թե առանձին երկրների, այլ ամբողջ միության ընդհանուր պատասխանատվությունն է։ Միևնույն ժամանակ, նրա առաջարկը Իտալիայում քննադատության է արժանացել ընդդիմության կողմից, որը պահանջում է, որ վարչապետը խորհրդարանում ներկայացնի իր միգրացիոն քաղաքականության մանրամասները։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հյուսիսաֆրիկյան Սեուտա ինքնավար քաղաքում վերջին օրերին միգրացիոն լուրջ ճգնաժամ է ստեղծվել։ Իսպանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մի քանի օրվա ընթացքում Մարոկկոյից Սեուտա ապօրինի մուտք է գործել մոտ 50 հազար մարդ։ Սեուտայի իշխանությունները, սակայն, հայտնում են ավելի մեծ՝ շուրջ 60 հազար ժամանածների մասին։







