Իրանը ցանկանում է վերահսկել նավերի մուտքը Հորմուզի նեղուց և տեսանելիություն ունենալ ելքային երթևեկության նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում միջամտելու հնարավորությամբ: Այս հարցն այժմ քննարկվում է Իրան-Օման բանակցություններում, փոխանցում է «Reuters»-ը՝ հղում անելով գործընթացին ներգրավված իրանական աղբյուրին:
Աղբյուրը նշել է, որ սա «ներկայումս քննարկվող ընդհանուր գաղափարն է», ըստ որի՝ ելքային գոտին անցնելու է Իրանի և Օմանի միջև ընկած երթուղով, և ելքի թույլտվությունը տրամադրվելու է Օմանի միջոցով՝ Թեհրանին նախապես ծանուցելուց հետո։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, սակայն Թեհրանը հերքում է ԱՄՆ-ի պնդումները՝ նշելով, որ ներկայում քննարկումներ է անցկացնում միայն Օմանի հետ։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ նեղուցով նավերի երթևեկությունը շարունակում է մնալ խիստ սահմանափակ. վերջին օրերին այնտեղով անցել է ընդամենը մի քանի նավ, մինչդեռ խաղաղ պայմաններում օրական սովորաբար անցնում է ավելի քան 100 նավ։







