ԱՄՆ-ն Իրանի հետ հինգ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում գրեթե ամբողջությամբ սպառել է իր բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարները։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ նշելով, որ դա մտահոգություններ է առաջացրել ապագա հնարավոր հակամարտությունների դեպքում ամերիկյան բանակի պատրաստվածության վերաբերյալ։
Աղբյուրների համաձայն՝ խոսքը հիմնականում ցամաքից ցամաք հարվածելու համար նախատեսված ATACMS և նոր սերնդի PrSM հրթիռների մասին է։ Երկու աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ն օգտագործել է այդ զինատեսակների «գրեթե ամբողջ» պաշարը։
ATACMS հրթիռներն արդեն կիրառվել են նաև Ուկրաինայում՝ հնարավորություն տալով ուկրաինական ուժերին հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։ PrSM-ը նախատեսված է աստիճանաբար փոխարինելու ATACMS-ին և ունի ավելի մեծ հեռահարություն ու կատարելագործված հնարավորություններ։
«Reuters»-ի զրուցակիցների խոսքով՝ հրթիռների պաշարների կտրուկ նվազումը կարող է սահմանափակել ԱՄՆ-ի կարողությունները՝ զսպելու այլ հավանական հակառակորդների, այդ թվում՝ Ռուսաստանին և Չինաստանին։
Միևնույն ժամանակ, մեկ այլ աղբյուր նշել է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գրեթե ամբողջությամբ սպառել էր Մերձավոր Արևելքում տեղակայված իր ցամաքային հրթիռային պաշարները, սակայն դրանք համալրվել են աշխարհի այլ տարածաշրջաններում գտնվող ամերիկյան զինապահեստներից։
Սպիտակ տունը, մեկնաբանելով հրապարակումը, փոխանցել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն «աշխարհում ամենաշատ զինամթերքն ունի և շատ ավելին, քան անհրաժեշտ է»։ Թրամփը նաև նշել է, որ ամերիկյան պաշտպանական ընկերությունները ներկայումս արտադրում են ավելի շատ զինամթերք, քան երբևէ՝ միաժամանակ արագորեն ընդլայնելով արտադրական հզորությունները։
Ռազմական վերլուծաբանները, սակայն, նշում են, որ թեև զինամթերքի արտադրությունն իսկապես ռեկորդային մակարդակի է հասել, առկա ծավալները կարող են բավարար չլինել երկարատև պատերազմի պայմաններում։
«Reuters»-ի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ վարչակազմում ակտիվ քննարկումներ են ընթացել այն հարցի շուրջ, թե Վաշինգտոնը որքան ժամանակ կարող է շարունակել Իրանի դեմ հարվածները՝ առանց վտանգելու այլ ճգնաժամերին արձագանքելու հնարավորությունը։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ վարչակազմը հեռահար հրթիռների լայն կիրառությունը նախընտրել է օդաչուներով ռազմական ինքնաթիռների օգտագործումից՝ նվազեցնելու ամերիկյան անձնակազմի համար ռիսկերը։
«Reuters»-ը նաև նշել է, որ սպառվում են ոչ միայն հարձակողական, այլև պաշտպանական զինամթերքի պաշարները։ Վերլուծական կենտրոնների գնահատմամբ՝ պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ն օգտագործել է Patriot հակահրթիռային համակարգերի հրթիռների շուրջ 65 տոկոսը, իսկ THAAD համակարգերի հակահրթիռների պաշարները նվազել են առնվազն 38 տոկոսով։ «Reuters»-ի աղբյուրները նշել են, որ այս գնահատականները համապատասխանում են ԱՄՆ կառավարության ներքին տվյալներին։
Բացի այդ, աղբյուրներից մեկի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ն օգտագործել է նաև Tomahawk թևավոր հրթիռների համաշխարհային պաշարի գրեթե կեսը։ «Reuters»-ը նշել է, որ այս տվյալը չի կարողացել այլ աղբյուրով հաստատել։







