ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հայաստանի՝ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու որոշումը կարող է ընդունվել միայն անդամ երկրների կոնսենսուսով։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին:
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն տվյալ հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե այդպիսին պահանջվի, ընդունվելու է կոնսենսուսով»,- նշել է Վասիլևը։
Վասիլևը ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է անդամ երկրի՝ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու հնարավորություն, եթե երկիրը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021-2022 թվականներին կազմակերպության անդամ պետությունները չեն կատարել Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչի պատճառով Երևանը որոշել է սառեցնել իր մասնակցությունը կազմակերպությանը։







