Իրանի խորհրդրանի պատգամավոր Ալիռեզա Սալիմին հայտնել է, որ ազգային անվտանգության հանձնաժողովում քննարկվում է «Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության ապահովման ու կայուն զարգացման ռազմավարական քայլերի» մասին օրինագծի նախնական տեքստը։
Պատգամավորը նաև մանրամասներ է ներկայացրել օրինագծի դրույթներից, մասնավորապես.
- Արգելվում է ԱՄՆ-ին, Իսրայելին և այլ «թշնամական երկրներին» պատկանող նավերի անցումը Հորմուզի նեղուցով։
- Իսրայելին առնչվող ցանկացած բեռ զրկվում է այդ տարածաշրջանով տարանցման իրավունքից։
- Արգելքը տարածվում է նաև այն նավերի կամ բեռների վրա, որոնք մասնակցություն են ունեցել «Դիմադրության ճակատի» դեմ ուղղված քայլերին։
- Իրանին վնաս պատճառած երկրներն ու անձինք Հորմուզի նեղուցով և Պարսից ծոցով անցնելու թույլտվություն չեն ստանա՝ մինչև հասցված վնասի ամբողջական փոխհատուցումը։
- «Օրինախախտների» համար սահմանվելու են խոշոր տույժեր՝ ընդհուպ մինչև բեռի ընդհանուր արժեքի 20%-ի չափով։
- Կառավարությունը, զինված ուժերի հետ համագործակցությամբ, պարտավորվելու է ստանձնել նավագնացության ուղղորդումը, նավերի շարժի վերահսկումը, ինչպես նաև Պարսից ծոցի անվտանգության և էկոլոգիական միջավայրի պահպանությունը։
Սալիմին նշել է, որ նախագիծը դեռևս գտնվում է մասնագիտական քննարկումների փուլում, և խորհրդարանը փորձագետներին կոչ է արել ներկայացնել իրենց առաջարկները՝ տեքստը լրամշակելու համար։







