Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանի նախկին իշխանությունների հակառուսական հռետորաբանությունն ակտիվացել է ոչ թե 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից, այլ 2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո։
Կալաձեի խոսքով՝ 2008 թվականից հետո նախկին իշխանությունների արտաքին քաղաքականության նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն էր։ Նա պնդել է, որ այդ քաղաքականությունը փոխվել է ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո՝ արտաքին ուժերի ազդեցությամբ։
«2008 թվականից հետո նախորդ կառավարության հովանավորների խնդիրն էր ամեն ինչ անել Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնելու համար»,-ասել է Կալաձեն։
Նա նաև նշել է, որ այդ ժամանակ Վրաստանը կորցրել է տարածքներ, զինվորներ և խաղաղ բնակիչներ, իսկ Ռուսաստանում անցկացվել են վրացի երգիչների համերգներ։ Կալաձեի պնդմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո նախկին իշխանությունների նկատմամբ արտաքին կենտրոնների մոտեցումը փոխվել է, ինչի հետևանքով, նրա խոսքով, փոխվել է նաև Վրաստանի ընդդիմության քաղաքական հռետորաբանությունը։







