ՀՀ-ն, Ադրբեջանը և ԱՄՆ-ը Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել: Ընդգծվել է, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ համատեղ հռչակագիրը «Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար»։
Հայտարարությունում կողմերը նաև շեշտել են.
- «Հայաստանը և Ադրբեջանը պահպանել են կայունությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, և երկուստեք կոնկրետ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և երկարատև կայունության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող միջոցառումների միջոցով վստահության ամրապնդման ուղղությամբ։
- «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության՝ հստակ առաջընթացով, ինչպիսին է ենթակառուցվածքների զարգացումն առաջ մղելու համար ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն ստեղծելու վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնությունը։ Հայաստանում արդեն ընթանում են ինժեներական հետազոտություններ։ Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտել է ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը՝ Հայաստանի տարածքում գտնվող ԹՐԻՓՓ-ին միանալու համար։ Երեք երկրները նաև աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։
- Միացյալ Նահանգները 201 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամին՝ նպաստելու մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը Թրանս-Կասպյան առևտրային ուղու (Միջին միջանցք) Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատվածներում։
- Միացյալ Նահանգները խորացրել է կապերը Հայաստանի, Ադրբեջանի հետ՝ ստորագրելով նոր, երկկողմ ռազմավարական գործընկերություններն սահմանող կանոնադրություններ, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր էներգետիկ անվտանգության, սահմանային ենթակառուցվածքների և անվտանգության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության, և կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ, որոնք ներդրում են երեք պետությունների երկարաժամկետ բարգավաճման մեջ և արդեն շոշափելի արդյունքներ են տվել։
- Հետևելով Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի ոգուն՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է բոլոր տարանցման սահմանափակումները Հայաստանի նկատմամբ։ Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Ադրբեջանը նաև 20,000 տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստանին։ Երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առևտրի ավելացման ուղղությամբ։
- Երկու երկրների հեռահաղորդակցության օպերատորները ստորագրել են համացանցային կապի վերաբերյալ համաձայնագիր, որը կնպաստի տարածաշրջանային կապուղիների դիվերսիֆիկացմանը, Հարավային Կովկասում հուսալիության և դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև Եվրասիայի հեռահաղորդակցային ցանցերի ենթակառուցվածքների զարգացմանը։
- Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները լուծարվել են՝ ի ճանաչումն նրա, որ չլուծված հակամարտության դարաշրջանն ավարտված է։
- Միացյալ Նահանգների հրավերով Հայաստանը և Ադրբեջանը միացել են Խաղաղության խորհրդին՝ ցույց տալով, որ նրանք Միացյալ Նահանգների կողքին են ավելի խաղաղ և բարգավաճ աշխարհ կերտելու ջանքերում։
Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը՝ դրա տառին և ոգուն համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը։ Ավելին, Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրությունների և փոխըմբռնման հուշագրերի լիարժեք իրականացմանը, ինչպես նաև երկու երկրների հետ իր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը»։







