Ռուսաստանում վառելիքի սուր դեֆիցիտի ֆոնին Աբխազիան բենզին է ներկրել Վրաստանից։ Մատակարարման փաստն օգոստոսի 12-ին հաստատել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ հստակեցնելով, որ վառելիքն ուղարկել է մասնավոր բիզնեսը, այլ ոչ թե պետությունը։ Այս մասին հայտնում է Newsgeorgia լրատվական կայքը:
Կոբախիձեի խոսքով՝ վրացական օրենսդրությունը և «Օկուպացված տարածքների մասին» օրենքը մարդասիրական նպատակներով թույլատրում են նման գործունեությունը։ Վարչապետը հավելել է, որ եթե մատակարարումներն օգնում են թեթևացնել Աբխազիայի բնակչության վիճակը, իշխանությունները պատրաստ են թույլատրել նման քայլերը։
Նշենք, որ Աբխազիայում վառելիքի ճգնաժամը շարունակվում է հուլիսից։ Լցակայաններում գոյացել են հերթեր, իսկ բենզինի վաճառքը սահմանափակվել է։ Խափանումները ՌԴ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով են։








