Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները Ստամբուլի հայկական դպրոցներում ստուգումներ են սկսել, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրենությանը հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկվել է նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։
Դեռևս 2012-ին ընդունված կանոնակարգի համաձայն՝ օտարերկրացի երեխաները հնարավորություն ունեին «հյուր աշակերտի» կարգավիճակով սովորել ազգային փոքրամասնությունների դպրոցներում, թեև առանց ավարտական դիպլոմ ստանալու իրավունքի։ Շուրջ 14 տարի գործող այս պրակտիկայի հանկարծակի դադարեցման փորձը լուրջ մտահոգություն է առաջացրել հայ համայնքում և իրավապաշտպանների մոտ։
«Մարդու իրավունքների համերաշխության ասոցիացիան» (MAZLUMDER) այժմ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների կրթության իրավունքի խախտումների ուղղությամբ։ «MAZLUMDER»-ը Թուրքիայում լույս տեսնող «Agos» հայկական շաբաթաթերթին փոխանցել է, որ փորձում է հանդիպումներ անցկացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պատկան մարմինների և որոշումից տուժած ընտանիքների հետ:
Հատկանշական է նաև այն, որ այս զարգացումները տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին:







