ՀՀ սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիները փուլային կերպով կընդլայնվեն՝ սահմանի ամբողջական պահպանությունը հետագայում ստանձնելու հեռանկարով։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2026-2031 թթ ծրագրում։
Ծրագրում նշվում է, որ սահմանների համալիր կառավարումը պետք է նպաստի ոչ միայն երկրի անվտանգային միջավայրի ապահովմանը, այլև ուղևորահոսքերի, արտահանման ու ներմուծման գործընթացների դյուրացմանը, ինչպես նաև հսկողական մեխանիզմների ամրապնդմանն ու արդիականացմանը։ Կառավարությունը կարևորում է նաև միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացումը՝ հաշվի առնելով Հայաստանը ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղություն փոխակերպելու հեռանկարը։
Նախատեսվում է ներդնել ԵՄ և միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան սահմանների համալիր կառավարման համակարգ՝ ժամանակակից կենսաչափական տեխնոլոգիաների և թվային լուծումների կիրառմամբ։ Միաժամանակ սահմանապահ ծառայությունը կփոխակերպվի՝ ռազմական բաղադրիչի նվազեցման և միջազգային լավագույն փորձի ինտեգրման միջոցով։
Կառավարությունը նախատեսում է նաև համապարփակ արդիականացնել միգրացիայի կառավարման համակարգը՝ հստակեցնելով վիզային քաղաքականությունը, կատարելագործելով մուտքի և կացության մեխանիզմները, ինչպես նաև անօրինական միգրացիայի կանխարգելման և ապաստանի համակարգերը։ Բացի այդ, նախատեսվում է ներդնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան նոր կենսաչափական համակարգ։







