Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և սահմանազատման հարցերի լուծման կոնկրետ եղանակի վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կոնկրետ այդ թեման, որ՝ եկեք այսպես անենք, այսպես լինի, այնպես լինի, կոնկրետ չենք քննարկել երբեք։ Հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան է ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը սահմանազատման գործընթացում պետք է առաջնորդվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով։ Նա նշել է, որ համապատասխան քարտեզներով Արծվաշենը Հայաստանի էքսկլավ է, մինչդեռ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան (Վերին Ոսկեպար) Հայաստանի տարածքի մաս չեն։
Փաշինյանը բացառել է խնդրի ռազմական ճանապարհով լուծումը՝ ընդգծելով, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի այնպես, որ տեղի բնակիչների համար նոր վտանգներ և անհանգստություններ չառաջանան։
Նրա խոսքով՝ սահմանազատման արդյունքում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը լինելու և մնալու է 29 743 քառակուսի կիլոմետր՝ ներառյալ Արծվաշենը։ Վարչապետը հավելել է, որ նմանատիպ խնդիրներ կան նաև ադրբեջանական կողմում, և դրանք պետք է լուծվեն համապարփակ խաղաղության շրջանակում։








