Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ռուսաստան-Չինաստան էներգետիկ բիզնես 8-րդ ֆորումին։ Ի թիվս այլ հարցերի Պուտինն անդրադարձել է Մոսկվա և Պեկին հարաբերություններին ու ընդգծել, որ դրանք շարունակում են ամրապնդվել։
«Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերությունը և ռազմավարական համագործակցությունը շարունակում են ամրապնդվել», – նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը հայտնել է, որ էներգետիկան ավանդաբար երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամենակարևոր և դինամիկ ոլորտներից մեկն է։ Նա նաև հավելել է, որ երկրները նաև համատեղ մշակում են տեխնոլոգիական նորարարություններ, որոնք ուղղված են ածխաջրածնի արդյունահանման, վերամշակման և տեղափոխման արդյունավետության և շրջակա միջավայրի անվտանգության բարելավմանը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստան-Չինաստան էներգետիկ բիզնես ֆորումում համապատասխան պետական մարմինների, բիզնեսի և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների միջև կանոնավոր անմիջական շփումը, անկասկած, նպաստում է վառելիքաէներգետիկ ոլորտի արդիական խնդիրների արագ լուծմանը։ Պուտինը հույս է հայտնել, որ մասնագետների աշխատանքը ներկայիս ֆորումում կլինի առարկայական և արդյունավետ, իսկ ներկայացված գաղափարներն ու նախաձեռնությունները կգտնեն գործնական կիրառում։







