«Դեր Զորում Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորականների սպանությունը, ամենայն հավանականությամբ հստակ թիրախովարված ահաբեկչական հարձակում էր»,- այս մասին «Regionmonitor.com»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի սպանության լուրը:
Ըստ փորձագետի՝ «հիմնվելով Սիրիայի հատվածայինացման իրողության վրա՝ պետք է նշել, որ այդ երկրի տարբեր հատվածներում գերակայում են տարբեր սպառնալիքներ: Մասնավորապես՝ Դամասկոսում, Լիբանանին և Սիրիային սահմանակից շրջաններում առավել առարկայական է Իսրայելի կողմից տարաբնույթ օդային հարվածների հնարավորությունը. դրանցից մեկն էլ, ի դեպ, իրականացվել է այսօր Դամասկոսում՝ թիրախավորելով պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդներից Աքրամ ալ-Աջուրիին: Թուրքիային սահմանակից և տարաբնույթ ծայրահեղական կառույցների կողմից վերահսկվող Իդլիբ նահանգի հարևանությամբ ավելի հավանական է ակտիվ հրթիռակոծությունների հավանակությունը: Իսկ Եփրատ գետից Արևելք ընկած շրջաններում՝ Ալ-Ռակկա, ալ-Հասաքա, Հոմս, Դեյր Զոր նահանգներում, որտեղ հիմնականում գործել է «Իսլամական պետություն» խմբավորումը, շարունակում է բավական ակտիվ մնալ ահաբեկչական հարձակումների սպառնալիքը»,- նկատեց Պետրոսյանը, ապա հավելեց. «Դրա վառ օրինակն է հոկտեմբերի 11-ին Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորականների սպանությունը, կամ նույն օրը Կամիշլիում արձանագրված պայթյունը»:
«Սովորաբար կասկածանքով եմ վերաբերում որևէ ահաբեկչական խմբավորման կողմից բռնարարքների պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ հայտարարություններին: Մինչդեռ փաստ է, որ Սիրիայի՝ ժամանակին ԻՊ-ի կողմից վերահսկված տարածքներում ներկայում առկա են կառույցի որոշ բջիջներ, որոնք պատեհ առիթի դեպքում ակտիվանում են՝ տարաբնույթ ահաբեկչական հարձակումների միջոցով: Իսկ մեքենայի դիմապակուն դրա պատկանելության մասին գրությունը նման առիթ էր, որը, ինչպես տեսանք, տեղեկատվական մեծ աղմուկ բարձրացրեց՝ նպաստելով ահաբեկչական կառույցի ընկրկված հեղինակությանը»,-նշեց փորձագետը՝ հավելելով. «Այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ հակամարտությունը Սիրիայում դեռևս չի հանգուցալուծվել, իսկ ահաբեկչական սպառնալիքը, իմ խորին համոզմամբ, բարձր է լինելու նաև հետկոնֆլիկտային Սիրիայում: Հետևաբար չպետք է կորցնել զգոնությունն ու աչալրջությունը, իսկ զգուշավորությունն էլ նման դեպքերում երբեք ավելորդ չի լինում»:







