ՀՀ Պաշտպանության նախարարությունը կտրականապես արգելում է բջջային հեռախոսներով կամ այլ սարքերով մարտական գործողությունների ընթացքը կամ դրանց հետևանքները տեսանկարահանելն ու համացանցում տարածելը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների գոտում և դրան հարակից շրջաններում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողներին, ինչպես նաև տվյալ տարածքներում գտնվող քաղաքացիական անձանց, կամավորներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կտրականապես արգելվում է բջջային հեռախոսներով կամ այլ սարքերով մարտական գործողությունների ընթացքը կամ դրանց հետևանքները տեսանկարահանելն ու համացանցում տարածելը»,- գրել է Ստեփանյանը:
ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է համացանցում հայտնվող և մարտական գործողությունների հետ ցանկացած առնչություն ունեցող տեսանյութերը, որոնք, փաստացի, անմիջապես կարող են ուղղորդիչ դառնալ նրա կրակի համար, թիրախի վերածելով այն շրջանները, որտեղից մեր ուժերն իրականացնում են հաղթական գործողություններ։