Թունիսի իշխանությունները ազգային բանակի ստորաբաժանումներ են մտցրել երկրի մի քանի նահանգներ՝ պետական հաստատությունները պաշտպանելու և զանգվածային անկարգությունների դեմ պայքարելու համար:
Թունիսի մի քանի նահանգներում զանգվածային անկարգությունները վերսկսվել էին հունվարի 17-ին՝ պարետային ժամից հետո: Օրեցօր Թունիսում անհնազանդության ակցիաներն ավելի մարդաշատ են դառնում, իսկ աշխարհագրությունը՝ ընդլայնվում: Մարդիկ բողոքում են տնտեսական ճգնաժամի և ոստիկանության գործողությունների դեմ: Ցուցարարների մի մասը կոտրում է խանութների ապակիները, փողոցում կայանված մեքենաները, թալանում պետական հաստատությունները և ֆինանսական կազմակերպությունները: Ոստիկանությունը շաբաթ գիշերը ձերբակալել է բողոքի ակցիայի 242 մասնակցի: