Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին ելույթի ընթացքում հայտարարել է ապագայի մասին խոսակցության անհրաժեշտության մասին և շեշտել, որ այդ խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Փաշինյանն ընդգծել է, որ որպես քաղաքական, բանակցային հարց պետք է դրվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը:
«Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք պետք է խոսենք ապագայի մասին: Ապագայի մասին այդ խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք որպես քաղաքական հարց, բանակցային հարց պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: Բայց էլի եմ ասում՝ մենք սա պիտի ձևակերպենք ոչ թե որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային քաղաքական հարց»,-ասել է ՀՀ վարչապետը:
Նա հավելեց, որ պետք է հետևողականորեն շարունակեն Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը. «Դուք տեսաք, թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում, դա ուղղակի աներևակայելի մի բան է, և կարծում եմ, որ մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում, ինչը հայատյացության, ատելության ամենամեծ դրսևորումն է: Եվ սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի»,-ասել է Փաշինյանը: