Պատմության մեջ ֆինանսական փաստաթղթերի ամենամեծ արտահոսքի շնորհիվ աշխարհի հարյուրավոր առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի գաղտնի գործարքները և գաղտնի ակտիվները հայտնի են դարձել հանրությանը։ Նոր օֆշորային թղթապանակն անվանվել է «Պանդորայի փաստաթղթեր»՝ «Pandora Papers»։ Այս մասին գրում է BBC-ն։
Փաստաթղթերում ներառված է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքի անունը:
Մասնավորապես, «Պանդորայի փաստաթղթերը» ցույց են տալիս, որ Ալիևներն ու նրանց համախոհները ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի գործարքներում՝ ավելի քան 400 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլար):
Ալիևների որոշ գործարքներ անգամ կարող են խայտառակել բրիտանական իշխանություններին: Օրինակ, Ադրբեջանի առաջին ընտանիքը, ըստ երևույթին, վաստակել է ավելի քան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ վաճառելով իր շենքերից մեկը Crown Estate-ում: Այն տասնյակ միլիարդավոր ֆունտ ստեռլինգ անշարժ գույքի և հողի կայսրություն է, որը պատկանում է թագուհուն, սակայն վերահսկվում է նրա հպատակների շահերից ելնելով:
«Պանդորայի փաստաթղթերը» նաև ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքը ձեռք բերել 17 սեփականություն Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ իր 11-ամյա որդու՝ Հեյդարի համար, 33 միլիոն ֆունտ ստեռլինգ գրասենյակային շենքը:
Լոնդոնի ամենաթանկ Մեյֆեր թաղամասի շենքը գնել է Mallnick Holdings ընկերությունը, որը 2009 թվականից պատկանում է նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին: Մեկ ամիս անց սեփականության իրավունքը վերագրանցվել է Հեյդարի անունով:
Հրապարակված ֆինանսական փաստաթղթերի վերլուծությունը նաև պարզել է, որ Ալիևների ընտանիքը 2018 թվականին 66 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառել է մոտակայքում գտնվող մեկ այլ գրասենյակային շենք:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը, իր հերթին, հավաստիացրել է, որ պայքարում է փողերի լվացման դեմ՝ օրենքների խստացմամբ և, երբ դրա համար օրենսդրական ժամանակացույցում ժամանակ լինի, կգործարկի օֆշորային սեփականատերերի գրանցամատյան: