ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ պատվիրակ Ռոբերտ Մոլլին նոյեմբերի 11-20 այցելելու է ԱՄԷ, Բահրեյն, Իսրայել և Սաուդյան Արաբիա, գրում է Al Jazeera-ն: Այցի նպատակն է խթանել համագործակցությունը Վաշինգտոնի և վերոնշյալ չորս երկրների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսմանն ընդառաջ:
«Ռոբերտ Մոլլին համակարգելու է մի շարք մտահոգությունների շուրջ մեր մոտեցումները՝ այդ թվում տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունների և ապագա միջուկային բանակցությունների յոթերորդ փուլի վերսկսման վերաբերյալ, որպեսզի կողմերը վերադառնան համաձայնագրի դրույթների լիարժեք կատարմանը»,- ասված է պետդեպի տարածած հայտարարության մեջ:
Վիեննայի բանակցությունները նպատակաուղղված են միջուկային համաձայնագրի բոլոր դրույթների կատարմանը Վաշինգտոնի և Թեհրանի կողմից: Ըստ համաձայնագրի՝ Իրանը սահմանափակումներ էր մտցրել իր միջուկային ծրագրում, փոխարենը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը դադարեցրել էին պատժամիջոցները: Սակայն 2018 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից և վերսկսեց մի շարք պատժամիջոցներ Իրանի նկատմամբ: Այնուհետև Իրանը սկսեց խախտել միջուկային ծրագրի սահմանափակումները:
Հետաքրքրական է, որ ԱՄՆ պատվիրակի այցը համընկնում է Կարմիր ծովում անցկացվող հնգօրյա զորավարժությունների հետ, որին մասնակցում են Իսրայելի, ԱՄՆ-ի, Բահրեյնի և ԱՄԷ-ի ռազմածովային ուժերը:
Հիշեցնենք՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ավելի վաղ հայտնել էր, որ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին՝ Վիեննայում։