Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները հրաժարվել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցներից, ով ցանկացել Է քննարկել Ուկրաինայի շուրջ իրադրությունը և նավթահանույթի ավելացման հնարավորությունը՝ ածխաջրածինների համաշխարհային գների իջեցման համար: Այս մասին գրել է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթը։
Թերթը գրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բըն Սալմանի և Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բըն Զայիդ Ալ-Նահյանի դժգոհությունները կապված են վերջին շրջանում Եմենի հուսի ապստամբների կողմից հասցված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքի հետ։
Ըստ WSJ-ի՝ երկու երկրները դժգոհ են նաև Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ներկա իրավիճակից:
«Բայդենի և Մուհամմադ բըն Սալմանի միջև հեռախոսազրույցի որոշակի ակնկալիք կար, որը, սակայն, տեղի չունեցավ»,- ամերիկյան աղբյուրը հայտնել է WSJ-ին։
Հեռախոսազանգը պետք Է արծարծեր նավթի հանույթի ծավալների ավելացման հարցը՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների պատժամիջոցների պայմաններում Էներգակիրների գների աճի պատճառով:
The Wall Street Journal-ը գրել է, որ ԱՄՆ-ը փորձում է շտկել իր հարաբերությունները մերձավորարևելյան այս երկու երկրների հետ, քանի որ փորձում է շրջանցել նավթային ճգնաժամը: Ջո Բայդենը երեքշաբթի հայտարարել էր ռուսական նավթի ներկրման արգելքի մասին, քանի որ գազի գները աշխարհում հասել են առավելագույնին։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի աջակցությունը ԱՄՆ-ի համար ավելի ու ավելի կարևոր է դառնում Ռուսաստանի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում:
Ուշագրավ է, որ, ինչպես նշում Է թերթը, Մերձավոր Արևելքի երկրների երկու ղեկավարները հրաժարվել են խոսել Սպիտակ տան ղեկավարի հետ, սակայն նրանք երկուսն Էլ անցյալ շաբաթ հեռախոսազրույցներ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: