Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:
Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը
- պարբերաբար ապատեղեկատվությամբ է լցրել մեդիադաշտը: ՀՀ պաշտպանության նախարարությունը երկու հաղորդագրություն է տարածել՝ հերքելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեղադրանքները:
- Ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ ադրբեջանական կողմն ամբողջությամբ ավերել է Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին և վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։
- Իսկ Հունաստանում ՀՀ դեսպանություն անդրադարձել էր CBC TV Azerbaijan հեռուստաալիքի կողմից հեռարձակված և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանաբար տարածվող տեսանյութին Արցախի Մեհմանա գյուղի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է հայատյացության ու հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ «արտահանել»:
- Ամերիկացի կոնգրեսականներըն էլ Պետդեպից պահանջել են հիմնավորել և ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու պատճառները:
Ռուսաստանում Սիրիայի դեսպանը հայտարարել էր, որ Արևմուտքը ԱՄՆ-ի և Թուրքիայի գլխավորությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներ են տեղափոխում Ուկրաինա:
- Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն էլ մեղադրել է Թուրքիային Սիրիայի տարածք ներխուժելուն նախապատրաստվելու մեջ:
- Իսկ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ռուսական զինված ուժերը Սիրիայում են տեղակայված Սիրիայի կառավարության պաշտոնական հրավերով՝ ի տարբերություն ամերիկյան զինված ուժերի:
- Միևնույն ժամանակ Հալեպում կայացել է հայ հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Հալեպ նահանգի իշխանություններին՝ ականազերծելով 137 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք Խան Թուման բնակավայրում:
Շաբաթվա այցերի մասին՝
- Հայաստան էր ժամանակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Շամխանին հանդիպել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շամխանին շեշտել է, որ Իրանը դեմ է ցանկացած գործողության, որը կհանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխության։
- Կատարի արտգործնախարար Մուհամմադ բն Աբդուլռահման Ալ-Թանի Թեհրանում հանդիպել էր իրանցի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նա վերահաստատել է Կատարի աջակցությունը միջուկային համաձայնագրի վերականգնմանը:
- Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամմադ ատ-Տայիբի հետ՝ շնորհավորելով Այդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։
- Փոլադյանը Կահիրեում հանդիպել է նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի և արաբական երկրների, ինչպես նաև՝ Հայաստանի և ԱՊԼ միջև հարաբերությունների հնարավոր զարգացումը։
- ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի և Հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին հանդիպել էր Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ՝ քննարկելու կառավարության ձևավորման գործընթացին առնչվող հարցերը:
- Հուլիսի 15-16-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սալման թագավորի հրավերով կմեկնի Սաուդյան Արաբիա:
- Իսկ հուլիսի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Իրան:
Այլ զարգացումներից՝
- Իսրայելը և Թուրքիան երկկողմ ավիացիոն նոր համաձայնագիր են ստորագրել՝ առաջին անգամ 1951 թվականից ի վեր: Համաձայնագիրը կամրապնդի Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններն ավիացիայի ոլորտում և հնարավորություն կտա վերսկսել իսրայելական ընկերությունների թռիչքները դեպի Թուրքիա, ինչպես նաև թուրքական ընկերությունների թռիչքները դեպի Իսրայել:
- ՆԱՏՕ-ն կավելացնի զորավարժությունների հաճախականությունը Վրաստանում:
- Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: