Թուրքիայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիթ Լիլիանն ուրբաթ օրը հայտարարել էր, որ Անկարայում դեսպանի վերանշանակումը կարող է տեղի ունենալ շաբաթների ընթացքում:
Նրա խոսքով՝ այս գործընթացը ժամանակի հարց է:
Լիլիանն անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերություններում առկա մարտահրավերներին՝ նշելով, որ ամենամեծ խոչընդոտը Ստամբուլում գործող ՀԱՄԱՍ-ի գրասենյակի առկայությունն է:
«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է, և գաղտնիք չէ՝ Իսրայելն ակնկալում է, որ Թուրքիան կփակի այս գրասենյակը»,- հավելել է Լիլիանը։
Ըստ իսրայելական Ynetnews լրատվամիջոցի տեղեկություններով՝ Իրիթ Լիլիանը սերտ կապեր ունի Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի և հատկապես նրա ավագ խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, ով պատասխանատու է հաշտեցման գործընթացի համար:
Իսրայելական ԶԼՄ-ները նաև գրում են, որ վարչապետ Յաիր Լապիդի գրասենյակը և արտգործնախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չեն տեսնում Լիլիանի՝ Թուրքիայում դեսպան նշանակելու գործընթացում։
Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը նույնպես շահագրգռված է դեսպան նշանակել նախքան նոյեմբերին Իսրայելում կայանալիք ընտրությունները: Սա մասամբ պայմանավորված է այն մտահոգությամբ, որ եթե Բենիամին Նեթանյահուն վերադառնա իր պաշտոնին, հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է կանգ առնել:
Իր հերթին Իսրայելը մտահոգված է, որ Թուրքիան կարող է դեսպան նշանակել Ուֆուք Ուլութաշին, ով արտգործնախարարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է և ընկալվում է որպես հակաիսրայելական գործիչ: