Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են ռազմաբազա հիմնել Ռաքքայում:
Դիտարանի տեղեկություններով՝ դեռևս նոյեմբերին ամերիկյան զինված ուժերը Ալ-Ռաքքա քաղաքի մոտակայքում գտնվող 17-րդ դիվիզիայի նախկին դիրքում օդակայան և զորանոցներ են հիմնել:
Հաղորդվում է, որ ամերիկյան նոր ռազմաբազան հիմնվելու է Ռաքքա քաղաքի կենտրոնում՝ մասնավորապես Ալ-Ռաշիդ կամրջի շրջակայքում:
Բացի այդ՝ օրեր առաջ ԱՄՆ զինված ուժերը պարեկություն են իրականացրել Ռաքքայում: Իսկ ԱՄՆ պարեկը քաղաքում շրջել է` բարձրացնելով ԱՄՆ դրոշը:
Նշենք, որ Միացյալ Նահանգներն իր ուժերը Ռաքքայից դուրս էր բերել ավելի քան 3 տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ժամանակ: Իսկ վերջերս ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը Ռաքքայում սահմանափակվել է մեկ հետախուզական կենտրոնով՝ Տաբկա քաղաքում: