Իրան-Հայաստան հարաբերությունները բազմաշերտ են, երկկողմ համագործակցության շրջանակն ընդգրկուն է և բազմոլորտ։ Երկկողմ հարաբերություններում, սակայն, առաջնային կարևորություն ունեն էներգետիկ, տնտեսական, անվտանգային ոլորտները։
Էներգետիկ ոլորտում, որը տնտեսության կայունությունը ապահովելու և միջազգային շուկաներ գրավելու գործիք է, երկու երկրների միջև համագործակցությունը սկսել է դեռևս շատ վաղուց, իսկ ակտիվացում նկատվել է 2000-ական թթ․։ Այս շրջանում է, որ էներգետիկ ոլորտում Իրանի և Հայաստանի միջև նախագծվել են մի շարք ծրագրեր, որոնց արդյունքը նկատելի է այսօր․ 2000-ական թթ․ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերի շինարարությունը, 2005թ․ Պուշկինի լեռնանցքում հողմաէլեկտրակայանների, 2007-2008 թթ․ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը։ Այս ամենին զուգընթաց մշակվել և կյանքի է կոչվել ծրագիր, որը հնարավորության լայն դաշտ է ստեղծում երկուստեք։ Այն մի կողմից միտված է Իրանի պատժամիջոցների թեթևացմանը, Իրանի համար սպառման նոր շուկայի ձևավորմանը, մյուս կողմից՝ Հայաստանի հետ շահավետ գործարքի հաստատմանը և ռուսական շուկայից Հայաստանի կախվածության թուլացմանը։ Խոսքը «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի մասին է։ Պարզ ասած՝ այս ծրագրի շրջանակներում տեղի է ունենում իրանական գազի և հայկական էլեկտրաէներգիայի փոխանակում՝ 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա սկզբունքով։ Անհրաժեշտ է նշել, որ Իրանը գազի սպառման ծավալներով մրցակցության մեջ է Ռուսաստանի հետ, իսկ դեպի Հայաստան գազի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ Հետևաբար Ռուսաստանի հետ մրցակցային հարաբերություններով պայմանավորված՝ դեպի Հայաստան իրանական գազի մատակարարման ծավալների մեծացումը գործնականում դժվար է։ Հայաստանից Իրան մատակարարվող էլետրաէներգիան ևս անսպառ չէ, Հայաստանը կազմել է ծրագրեր, որոնք միտում ունեն ավելացնելու էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, մինչդեռ արդյունքները դեռևս տեսանելի չեն։ Վերջին շրջանում Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի պարբերաբար դադարեցումը, իր հերթին, խոչընդոտում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մեծացման գործընթացին։ Այդուհանդերձ այս ծրագրի շրջանակներում առկա են կոնկրետ հեռանկարներ, որոնք պետք է հստակորեն ձևակերպվեն, որոնց ուղղությամբ պետք է արվեն գործնական քայլեր։
Իրանի քաղաքական վերնախավը հեռահար նպատակ ունի տարանցիկությունը որպես միջոց օգտագործելու՝ ուղղված սեփական տնտեսական համակարգի դիրքերի ամրապնդմանը և պատժամիջոցների թեթևացմանը։ Այս համատեքստում իրանական արտադրանքի սպառման համար տարանցիկությունն ապահովելու լավագույն տարբերակ է Հայաստանը։ Փաստերը վկայում են, որ Վրաստանը փորձում է գրեթե ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի ներմուծումը և գազային պաշարներ հիմնակնում կուտակում է հարևան Ադրբեջանից։ Սակայն գազի մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով Վրաստանն իրանական գազի շուկան ևս ուշադրության կենտրոնում է պահում [1]։ Իրանն այս ուղին դիտարկում է իր իսկ կողմից առաջ քաշած «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի շրջանակում (որին, ի դեպ, միանալու հավակնություն է հայտնել նաև Հնդկաստանը): Սա, առաջին հերթին, քաղաքական նախագիծ է, որը թույլ կտա Իրանին դուրս գալ արտաքին շուկա` շրջանցելով և նվազեցնելով իր համար մրցակից հանդիսացող թյուրքական պետությունների գործոնը: Այս պարագայում իրանական գազի համար տարանցիկ երկիր է Հայաստանը։ Ուստի այս ծրագրի հաջող իրականացումը բխում է երկուստեք շահերից։ Սակայն Իրանը կարող է բախվել մի շարք խնդիրների, ինչպիսիք են ֆինանսական սուղ միջոցները, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի հետ մրցակցային հարաբերությունները և այլն։
Իրան-Հայաստան համագործակցության հաջորդ ոլորտը, որն ունի աճի և զարգացման մեծ հեռանկարներ, տնտեսականն է։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո երկու երկրների համար խիստ կարևոր էր դարձել տնտեսական ամուր և անխափան կապերի հաստատումը։ Այս գործընթացի իրագործման համար անմիջական խթան է հանդիսացել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական խնդիրների, տարածքային պահանջների կամ վեճերի բացակայությունը։ Այսպես, Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև հարաբերություններին տրվել է միանգամայն նոր մեկանարկ՝ 1992թ․ մայիսին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Իրան պաշտոնական այցի շրջանակում երկկողմ համատեղ ջանքերով «Համագործակցության, բարեկամության և բարիդրացիության մասին» փաստաթղթի ստորագրմամբ[2]։ Իսկ նոյեմբերին Թեհրանում Իրան-Հայաստան առևտրական պալատի բացմամբ առևտրաշրջանառության խթանման համար կարևոր հիմքեր են դրվել։ Տնտեսական հարաբերությունների ամրապնդման և մասնավորապես երկկողմ առևտրաշրջանառության ակտիվացման համար նախագծվել և կյանքի է կոչվել Արաքս գետի վրայի կամուրջի կառուցումը 1996թ․։ Այն նշանակալի էր, քանի որ Իրանը Հայաստանի համար դառնում էր Պարսից ծոցի, Հեռավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի երկրներից բեռների և ապրանքների փոխադրման տարանցիկ ճանապարհ, մյուս կողմից, Իրանն էականորեն բարձրացնում էր ներմուծման և արտահանման ցուցանիշները, ինչպես նաև ապահովում Հայաստանի տարածքով դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ բեռներ տեխափոխելու հնարավորությունը։ Այս կամուրջի բացումը նաև քաղաքական ենթատեքստ էր պարունակում՝ կապված ադրբեջանա-հայկական հարաբերությունների լարվածության հետ։ Կարևոր է նշել, որ ներկայում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը լրացուցիչ խթան է հանդիսանում նաև հարևան երկու երկրների համատեղ ջանքերով ստեղծված միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որի շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում կառավարության ներկայացուցիչների հանդիպումներ։ Միջկառավարական 17-րդ հանձնաժողովի նիստում, որն անցկացվեց վերջերս Երևանում, քննարկվեցին տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված հետագա քայլերը[3]։
Ներկա պայմաններում բավարար հիմքեր կան պնդելու, որ երկարաժամկետ կտրվածքով Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները կարող են ընդլայնվել։ Ասվածին կարող են նպաստել մի շարք գործոններ, որոնք ստիպում են Իրանին և Հայաստանին գնալ հարաբերությունների խորացման բազմաոլորտ ուղղությամբ։ Օրինակ, «Մեղրիի ազատ առևտրի գոտու» և Իրան-ԵԱՏՄ համաձայնագրերը կարող են մղել ինչպես հայ-իրանական հարաբերությունների, այնպես էլ Իրանի տարածաշրջանային դիրքերի ամրապնդմանը։
Իրանա-հայկական հարաբերությունների առանցքային հաջորդ ոլորտն անվտանգային ոլորտն է։ Հարկ է նշել, որ այս ոլորտում նշանակալի ձեռքբերումներ դեռևս չկան, սակայն այս ուղղությունը զարգացնելուն միտված հեռանկարները չափազանց իրատեսական են։ Իրանի արտաքին քաղաքականության ուղենիշների շարքում առաջնային է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության անխախտելիությունը, ուստի և Իրանի հյուսիսարևմտյան սահմաների հարևանությամբ տեղի ունեցող գործողություններն իրանական քաղաքական վենախավի մոտ մտավախությունների տեղիք են տալիս։ Իրանի անմիջական հարևան Ադրբեջանը տարածաշրջանում վարում է ագրեսիվ քաղաքականություն Իրանի մեկ այլ հարևան և բարեկամական պետություն Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի այս քաղաքականությունն ուղղակիորեն հակոտնյա է Իրանի տարածաշրջանային քաղաքական հայեցակարգին։ Արդեն նշեցինք, թե կենսական ինչ կարևորություն ունի Հայաստան-Իրանի սահմանը, իսկ Ադրբեջանի վերջին գործողությունները՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք ներթափանցելը և առավելապաշտական նկրտումները, ուղղված են նաև հենց իրանա-հայկական պետական և միջազգայնորեն ճանաչված սահմաններին առնվազն լարավածության առաջացմանը։ Թեհրանն այս համատեքստում բազմիցս հայտարարություններ է արել, որոնցում հստակորեն ընդգծվում է տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը։ Սակայն 2022թ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ ռազմական ագրեսիայի են դիմել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ հարյուր քառակուսի մետր տարածք։ Ադրբեջանի այս գործողություններն են, որ ստիպում են Իրանի և Հայաստանի միջև ձևավորվի անվտանգային օրակարգ՝ պայմանավորված փոխադարձ շահերով։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր էր Իրանի բարձաստիճան պաշտոնյաների կողմից հայ-իրանական պետական սահմանին մոտ՝ Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը[4]։ Դեռ ավելին՝ հայկական կողմից կա մտադրություն Իրանի Թավիրզ քաղաքում բացել գլխավոր հյուպատոսություն։ Այսպես, Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը փաստացի իրանական քաղաքական էլիտայի կողմից Ադրբեջանին զսպող և զգուշացնող հայտարարությունների գործնական կիրառությունն էր։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը միանշանակ դիվանագիտական քայլ էր, սակայն Իրանի կողմից արված այս քայլը դիվանագիտությամբ սքողված անվտանգային քայլ էր։ Վերոնշյալը կարելի է փաստել նաև վերջին շրջանում Իրանի կողմից Արաքսի երկայնքով ակտիվ ռազմական զորավարժությունների անցկացումով։ Ներկա փուլում թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը գտնվում են բարդ և խճճված անվտանգային իրավիճակում, իսկ նմանատիպ իրավիճակից դուրս գալու ելքերը գտնվում են հարևան երկու պետությունների իշխանությունների ձեռքում, որոնք պետք է գործեն միասնաբար՝ հիմնվելով առկա հնարավորությունների և փոխադարձ շահերի վրա։
Ամփոփելով կարող ենք նշել, որ հայ-իրանական հարաբերությունները, որ ընդգրկում են հասարակական-քաղաքական տարբեր բնագավառներ, էներգետիկ, ավելի ընդհանուր վերցրած տնտեսական, ինչպես նաև քաղաքական-անվտանգային ոլորտներում ունեն պատմականորեն և հընթացս ձևավորված հիմքեր։ Նշյալ երեք առանցքային ուղղությամբ համագործակցությանը նոր որակի հաղորդումն ու ամրապնդումը ոչ միայն ունի հեռանկաներ, այլև առաջնահերթություն է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ներկա իրողություններում։
Հղումներ՝
- Արﬔն Աշոտյան, Դերենիկ Խաչատրյան Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները էներգետիկ ոլորտում․, «Լույս Հիմնադրամ»․, Երևան 2019․ էջ․ 1-14,
- Վ. Ա. Բայբուրդյան, Հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո // «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», հ. XVII, Եր., 1998, էջ 7,
- Երևանում կայացել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը/ ՀՀ Կառավարության պաշտոնական էջ/ 2022 մայիս 11 https://www.gov.am/am/news/item/15268/,
- Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը․ Արմենպրես, Հոկտեմբեր 21, 2022 https://armenpress.am/arm/news/1095414.html ։
Արմինե Գևորգյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի
*«Երիտասարդ փորձագետ» բաժնում հրապարակված հոդվածներում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Region Monitor»-ի խմբագրության տեսակետների հետ: