Ռուսաստանը և Հայաստանը շահագրգռված են տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ և երկու երկրների միջև բեռների տեղափոխման համար նոր երթուղիների բացմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ցավոք, ինչպես մեզ քաջ հայտնի է, Վերին Լարսը բնակլիմայական պատճառներով չի կարող ապահովել շուրջտարյա տրանսպորտային հաղորդակցություն, ինչը լրջորեն խոչընդոտում է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Այդ պատճառով Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, շահագրգռված է տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ և մեր երկրների միջև բեռների տեղափոխման համար նոր երթուղիների բացմամբ»,- ասաց Օվերչուկը։