«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է: Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Կապալառու կազմակերպությունը‚ որը բաղկացած է իրանական երկու շինարարական ընկերություններից՝ «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana»‚ այժմ իրականացնում է մոբիլիզացիոն-նախապատրաստական աշխատանքներ, կառուցվում է շինարարի բազան‚ ներմուծվում է շինտեխնիկա և այլն»,- տեղեկացնում են դեպարտամենտից։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը ստորագրել էր 2023-ի հոկտեմբերին։ Նախատեսվում է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ համաֆինանսավորման միջոցների հաշվին։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում։