Al Jazeera-ն ուշագրավ վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայում մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։ Լրատվամիջոցն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)կուսակցության ՏԻմ ընտրություններում կրած պարտության պատճառներին։
Հրապարակման մեջ նախ նշվել է, որ Էրդողանի կուսակցության պարտության պատճառն առաջին հերթին սոցիալ-տնտեսական խնդիրներ են, որոնց հետ բախվել է Թուրքիայի Հանրապետությունը վերջին տարիներին։ Նշվել է, որ Թուրքիայում շարունակվում է վատանալ բնակչության կենսամակարդակը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում Էրդողանի թիմի վարկանիշի վրա։
Մյուս պատճառներից մատնանշվել է Էրդողանի կողմից առաջադրված թեկնածուների ընտրությունը։ Ըստ աղբյուրի՝ անգամ Էրդողանի գործոնը չօգնեց, որպեսզի իշխող ԱԶԿ-ի թեկնածուները ստանան հաղթանակի համար անհրաժեշտ քվեները։ Ըստ աղբյուրի՝ կարծիք կա, որ Էրդողանը վախենում էր առաջադրել ուժեղ թեկնածուների, որոնք կարող էին դառնալ պոտենցիալ իր մրցակիցներy գալիք նախագահական ընտրություններում։ Ընդ որում ընգծվել է, որ այս վախը առհասարակ խորապես արմատավորված է թուրքական քաղաքականության մեջ, որը սկիզբ է առել դեռևս Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից:
Անդրադառնալով Էրդողանի գաղափարական հայացքներին, նշվել է, որ Թուրքիայի ներկայիս նախագահի վարած ազգայնական քաղաքականությունն աստիճանաբար դժգոհություն է առաջացնում իսլամամետ շրջանակներում, որոնք ժամանակին հանդիսանում էին ԱԶԿ-ի շարժիչ ուժը։
Հրապարակման համաձայն՝ պարտության պատճառներից էր նաև Գազայում տեղի ունեցող իրադարձությունները և դրա հետ մեկտեղ Թուրքիա-Իսրայել համագործակցությունը տնտեսական, ռազմական ոլորտներում։ Նշվել է, որ նույնիսկ Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունները չօգնեցին իշխող կուսակցությանը ընտրություններում։
Աղբյուրը վերջում ընդգծել է, որ, եթե Էրդողանը առաջիկա տարիներին չկարողանա բարեփոխել իր կուսակցությունը և աշխուժացնել տնտեսությունը, ինչը հանրային դժգոհության հիմնական պատճառներից է, ապա նա ամենայն հավանականությամբ կպարտվի գալիք նախագահական ընտրություններում:
Այս համատեքստում նշվել է, որ «ԱԶԿ-ի պարտությունն այս ընտրություններում ընդդիմությանն ապագայի որոշակի հույս է տալիս»։ Բայց մյուս կողմից էլ ընգծվել է, որ Թուրքիայի ընդդիմությունը չպետք է կորցնի իրականության զգացումը, քանի որ Էրդողանի վարկանիշը ավելի մեծ է քան իր գլխավորած ԱԶԿ-ինը և այս առումով Թուրքիայի այն բնակիչներն ովքեր ժամանակին եղել են ԱԶԿ-ի կողմնակիցներ, բայց այժմ իրենց ձայնը տվել են ՏԻՄ ընտրություններում տվել են ընդդիմությանը, այնուամենայնիվ դեռ շարունակում են սատարել հենց Էրդողանին։
Նաև լրատվամիջոցը առանձնացրել է ևս մի ուշագրավ փաստ։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացված քարոզչարշավի ընթացքում ճիշտ ռազմավարություն մշակեց՝ կենտրոնանալով տնտեսական խնդիրների վրա ու ոչ մի կերպ չշոշափելով գաղափարախոսական այն անջպետը, որը առկա է իսլամական -պահպանողական ԱԶԿ-ի և աշխարհիկ, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) միջև։