ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Independent Türkçe-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։
«Կարգավորման գործընթացն այն տեմպով չի ընթանում, որը Հայաստանն ակնկալում է։ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում առաջնորդվում է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման սկզբունքով։ Որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հատուկ ներկայացուցիչների միջև, խոսքը երրորդ երկրնրի քաղաքացիների համար սահմանը բացելու մասին է և 2 երկրների դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների համար։ Հայկական կողմը ավարտել է աշխատանքերը ենթակառուցվածքների վրա, որը հնարավորություն կտար սահմանային կետերը բացել և պատրաստ է հենց վաղը դա անել։ Այս պահին պետք է արձանագրել, որ գնդակը թուրքական կողմում է։ Թուրքիան պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի և իրագործի այս պայմանավորվախությունները, բայց ցավոք մենք տեսնում ենք, որ Թուրքիան շարունակում է նախապայմաններով առաջնորդվել և պայմանավորել իր գործողությունները Հայաստան -Ադրբեջան գործընթացով, ինչը նախապայման է մեր դիտանկյունից»,-ասել է Խանդանյանը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև շեշտել է, որ տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե Ադրբեջանն ավելի շատ լծակներ ունի և ճնշում է բանեցնում Թուրքիայի վրա, և Թուրքիան կաշկանդված է ադրբեջանական ֆակտորով։
«Մեր ակնկալիքներն են, որ Թուրքիան օր առաջ իրագործի արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում, որ առհասարակ Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի բոլորի համար, և դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն»։







