Իրանը ողջունում է կապուղիների ապաշրջափակումը՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին» և դրա այլընտրանքի վերաբերյալ Իրանի առաջարկին:
Քանանիի խոսքով՝ Իրանը բացահայտորեն հայտարարում է պաշտոնական Թեհրանի ընդդիմությունը ցանկացած սահմանային փոփոխության, որը հակասում է երկրների քաղաքական անկախությանը:
«Կովկասի և ենթադրյալ միջանցքների վերաբերյալ լուրերի և վերլուծությունների հիմքը Վլադիմիր Պուտինի այցն էր Բաքու, ինչպես նաև Լավրովի հարցազրույցն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությունները»,- հայտարարել է Քանանին:
Խոսնակը հավելել է, որ Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում կապերի և ճանապարհների ապաշրջափակմանը և Բաքվի և Երևանի միջև խաղաղության առաջընթացին:
«Որոշ ուժեր, որոնք տարածաշրջանից դուրս են գտնվում, ցանկանում են Կովկասը դարձնել անկայունության գոտի, և նրանց առաջնահերթությունը խաղաղությունը չէ: Մենք շեշտում ենք, որ տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի՝ 3+3 ձևաչափով, ամրապնդմանը լրջորեն աջակցում ենք: Այս հարցով հանդիպումներ եղել են, և սպասվում է ևս մեկ հանդիպում»,- նշել է Քանանին:
Քանանին շեշտել է, որ Իրանի նախագահ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարարը իրենց հայտարարություններում ընդգծել են, որ Իրանի հարևանության քաղաքականությունը լրջությամբ և առաջնահերթության կարգով կդիտարկվի 14-րդ կառավարության կողմից՝ հավելելով, որ Արևելքի հետ, այդ թվում՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները լրջությամբ կշարունակվեն:
Քանանին, խոսելով Իրան-Ռուսաստան համապարփակ համաձայնագրի մասին, հայտնել է, որ այս փաստաթուղթն արդեն վերջնական տեսքի է բերվել, և նախատեսվում է դրա ստորագրումը երկու երկրների բարձրագույն իշխանությունների կողմից։ Նա ընդգծել է, որ այս պայմանագիրը կդառնա հիմք բոլոր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման համար: