Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը։
«ՀՀ վարչապետն արդեն իսկ հանգամանալից կերպով անդրադարձավ և ներկայացրեց մեր խաղաղության օրակարգը, ներկայացրեց տարածաշրջանում ընթացող գործընթացների մանրամասները, բերեց փաստարկներ, հակափաստարկներ։ Հետևաբար, ես կփորձեմ կիսվել իմ՝ մի փոքր այլ՝ առավել ընդհանրական բնույթի մտքերով։ Նաև նպատակ ունենալով դրական իմաստով սադրել, գեներացնել մեր այսօրվա և վաղվա երկխոսությունը։
Հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես կասեր հայկական ծագմամբ աշխարհահռչակ ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանն իր «Իմ սիրտը լեռներում է» դրամայում, «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»։ Թվում է պարզ, բայց խոստովանենք՝ շատ դիպուկ այս արտահայտությունն ամբողջությամբ նկարագրում է թե՛ այստեղ մեր շուրջը, թե՛ տարբեր այլ տարածաշրջաններում ձևավորված իրավիճակը։
Անշուշտ, հարկ է խոստովանել, որ մեր աշխարհը երբեք էլ աչքի չի ընկել անսխալականությամբ, բոլորի իրավունքների հավասար պաշտպանվածությամբ, բոլորի համար պարտադիր համակեցության կանոնների անշեղորեն պահպանմամբ, բայց հատկապես վերջին տարիների իրադարձություններն էականորեն ամրապնդել են մեջբերածս մտքի ճշմարտացիությունը: Ավելին, փոփոխությունների և անորոշությունների խելահեղ վազքը հենց այս պահին էլ շարունակվում է՝ ավելացնելով անկանխատեսելիության աստիճանը։
Սա վաղուց արդեն միայն տեսական, գիտական պնդում չէ, այլ տեսանելի և շոշափելի իրականություն: Իրականություն, որն ուղղակիորեն ազդում է թե՛ գլոբալ մակարդակում՝ միջազգային փոխհարաբերությունների վրա, թե՛ անհատական մակարդակում՝ մեծ թվով մարդկային ճակատագրերի վրա. աշխարհի տարբեր անկյուններում մարդածին ու բնական աղետների հետևանքով գրանցվող մարդկային կորուստները և խեղված ճակատագրերը սոսկ ապշեցուցիչ վիճակագրական թվեր չեն, այլ շատ կոնկրետ մարդկային կյանքեր՝ անուններով, ազգանուններով, դեմքերով։
Միջազգային իրավունքի նորմերի բացահայտ և անպատիժ ոտնահարումները, խորացող ճգնաժամերն, ընթացող պատերազմները, երբեմն մարդկության դեմ ոճրագործությունները վկայում են երկար տարիներ գոյություն ունեցած աշխարհակարգի և քիչ թե շատ ընդունելի ու կենսունակ խաղի կանոնների փաստացի քայքայման մասին։
Գլոբալ խաղացողների միջև հակասություններն ու մրցավազքն էլ ավելի են խորացնում համաշխարհային քաղաքականության բևեռացումը և ֆրագմենտացիան, միաժամանակ տարբեր ռեգիոնալ դերակատարներ իրենց հերթին են մարտահրավեր նետում աշխարհակարգին՝ հավակնելով ավելի մեծ դեր խաղալ և իրենց ազդեցության գոտիները ձևավորել։ Փոքր պետությունները ձգտում են հնարավորինս անվտանգ նավարկել ալեկոծվող օվկիանոսում՝ իրենց առաջ ունենալով սեփական պետականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու հրամայականը։
Տեխնոլոգիական առաջընթացը բազում բարիքներ ստեղծելուն զուգահեռ պետությունների ու մարդկանց համար նոր մարտահրավերներ է առաջ բերում՝ սկսած կիբերանվտանգության խնդիրներից մինչև արհեստական բանականության՝ դեռևս ոչ ամբողջությամբ հասկանալի կամ բացահայտված, ըստ այդմ՝ անկանխատեսելի հետևանքները: Հիբրիդային սպառնալիքներն ու ապատեղեկատվության միտումնավոր տարածումը նոր շերտ են ավելացնում արդեն իսկ բարդ, բազմաշերտ միջազգային ճգնաժամերին։
Որպես մի երկրի նախարար, որն անցել է և անցնում է ժողովրդավարական՝ երկար ժամանակ անհնարին թվացող վերափոխումների միջով և գիտակցում է այդ ձեռքբերման արժևորման ու պահպանման, զարգացման ժողովրդավարական ուղով անշեղորեն ընթանալու կարևորությունը՝ առկա մարտահրավերների շարքում պետք է ընդգծեմ նաև ժողովրդավարությանը, դրա արժեքներին ու սկզբունքներին սպառնացող վտանգները, ինչպես նաև խիստ անհրաժեշտությունը՝ համատեղ ջանքերով ապացուցել, որ ժողովրդավարությունը կարող է շոշափելի արդյունքներ գրանցել՝ այդ թվում նաև որպես ճգնաժամերին դիմադրողականության, կայունության ու զարգացման առհավատչյա։ Ասածիս գոնե մի փոքր լավատեսություն հաղորդելու համար կարող եմ բերել հենց մեր՝ Հայաստանի սեփական օրինակը, երբ ժողովրդավարության ընձեռած մեխանիզմներով, մասնավորապես ազատ ու մրցակցային ընտրություններով ընդամենը 3 տարի առաջ մենք կարողացանք հաղթահարել այն խորը հանրային ճգնաժամը, որում հայտնվել էր մեր հասարակությունը և որի հետցնցումները մինչ այժմ էլ, պետք է խոստովանել, դեռ հատվածաբար զգացնել են տալիս իրենց:
Վերադառնալով աշխարհաքաղաքական համայնապատկերին՝ պիտի կրկին արձանագրենք, որ գոյություն ունեցող միջազգային մեխանիզմները, ցավոք, այսօր այլևս չեն կարողանում արդյունավետ կերպով հասցեագրել առկա մարտահրավերները: Ավելին, ստեղծված իրավիճակի փոփոխության անհնարինության պարագայում չենք կարող խուսափել իրավիճակի ավելի վատթարացումից, որը չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ՝ ծանրագույններից մեկն է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր։
Այս պատկերի նկարագրումն, իհարկե, նպատակ չունի հավելյալ հոռետեսական կամ անգամ ապոկալիպտիկ զգացողություններ գեներացնել այս լսարանում: Ճիշտ հակառակը. իմ համոզմամբ, պատկերի ամբողջական գիտակցումն է, որ ընդգծում է սխալ ընթացքը կասեցնելու, պատկերը փոխելու հրամայականը, ինչպես հիվանդության ճշգրիտ ախտորոշումն է, որ թույլ է տալիս իրականացնել պահանջվող բուժումը: Այդ վերափոխումն էլ կրկին տեսական դատողություն չէ, այլ խիստ իրական, գործնական անհրաժեշտություն։
Եվ ուրեմն, եթե բոլորս գիտակցում ենք, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ բան սխալ է, և որ այս ընթացքը մեզ բոլորիս տանում է դեպի հերթական անդունդը, որտեղ չեն լինելու երկարաժամկետ շահողներ, ո՞րը պիտի լինի քաղաքակիրթ մարդկության արձագանքն այս իրավիճակում։ Միջազգային կանոնների վրա հիմնված աշխարհակարգի վերականգնումը և դրա լեգիտիմության ամրապնդումը. սա է միակ ուղին, որը կարող է ապահովել գլոբալ անվտանգության և զարգացման օրակարգերի առաջմղումը։
Սակայն, երբ յուրաքանչյուրը՝ անհատները, պետությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, միջազգային կորպորացիաներն ապրում և առաջնորդվում են սեփական ճշմարտությամբ, ինչպե՞ս հանգել ընդհանուր հայտարարի, ընդհանուր կանոնների և ընդհանուր անխախտելի ճշմարտությունների։ Երկխոսելով։ Երկխոսությունը, ինչու ոչ՝ կարծիքների բախումը, բանավեճը կարող են հնարավորություն ստեղծել հասնելու ընդհանուր ճշմարտությունների բացահայտմանը և ընդհանուր կանոնների ձևավորմանը։
Արդյո՞ք երկխոսությունը կերաշխավորի հաջողությունը. փաստ չէ։ Բայց փաստ է, որ երկխոսության բացակայությունն էլ ավելի կխորացնի առկա ճգնաժամը։
Սա է Հայաստանի մոտեցումն ու հավատամքը՝ շարունակել երկխոսել անգամ ամենաբարդ իրավիճակներում՝ փորձելով հասնել համակեցության ընդհանուր կանոնների, դրանց հարգման, առնվազն՝ միմյանց հանդուրժելուն, իսկ հնարավորության դեպքում նաև փոխշահավետ կերպով համագործակցելուն։ Հենց այս մոտեցումն ենք որդեգրել՝ ձգտելով տևական խաղաղության մեր տարածաշրջանում։
Կարծում եմ բոլոր ներկաները կհամաձայնեն Մարթին Լյութեր Քինգի պնդմանը, որ խաղաղությունը սոսկ հրաձգության բացակայությունը չէ: Իսկապես, պետք են կայուն, արդար ու արժանապատիվ լուծումներ, ինչն էլ պահանջում է ամուր քաղաքական կամք և հանձնառություն. Հայաստանի Հանրապետությունը, չնայած բոլոր մարտահրավերներին ու դժվարություններին, ցուցաբերել է և ցուցաբերում է այդ կամքն ու հանձնառությունը։
Եվ այսօր, հարգելի՛ գործընկերներ, առաջարկում ենք «Երևանյան երկխոսությունն» օգտագործել որպես հարթակ գլոբալ մարտահրավերների մասին խոսելու համար։ Հարթակ, որտեղ հուսով եմ հնարավոր կլինի ևս մեկ քայլ մոտենալ ընդհանուր կանոնների ձևակերպմանը և ապագան այսօր ձևավորելուն։
Թույլ տվեք ելույթս ավարտել կրկին Սարոյանի խոսքերով. Ի վերջո, այսօրը հավերժ է՝ երեկը դեռ այսօր է, և վաղն արդեն այսօր է:
Շնորհակալ եմ և սահուն ընթացք եմ մաղթում առաջին «Երևանյան երկխոսությանը»։