Թեհրան | Region Monitor-ի հատուկ թղթակցից
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին ուրբաթ օրը հազարավոր մարդիկ հավաքվել էին Թեհրանի կենտրոնական փողոցներում՝ մասնակցելու «Ալ Ղոդսի»(Երուսաղեմ) օրվա ավանդական քայլարշավին, որով իրենց աջակցությունն ու համերաշխությունն էին հայտնում Պաղեստինի ժողովրդին։ Այդ օրը, բացի Իրանից մի շարք այլ իսլամական երկրներում ևս նշվում է որպես Պաղեստինի օր՝ նպատակ ունենալով ընդգծելու Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում կիրառվող բռնությունների դեմ համընդհանուր բողոքը։
Միջոցառումը վերածվել էր ոչ միայն կրոնական և քաղաքացիական քայլարշավի, այլև քաղաքական հարցերի վերաբերյալ տեսակետների արտահայտման հարթակի, որտեղ մարդիկ բարձրաձայնում էին իրենց անհամաձայնությունն Իսրայելի գործողություններին, քննադատում տարածաշրջանային լռությունը, գործողությունների բացակայությամբ սին հայտարարություններն ու ընդգծում տարբեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի նշանակությունն ու դերը այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում՝ որպես Իրանի բարեկամ պետություն:
Այդ օրվա միջոցառումներին մասնակցելու և լուսաբանելու նպատակով Իրանի մշակույթի և հարաբերությունների կենտրոնի հրավերով Թեհրանում էր գտնվում նաև Region Monitor-ի թղթակիցը, որը զրուցել է ցույցի մասնակիցների հետ՝ հասկանալու և փոխանցելու համար նրանց տրամադրությունները, տեսակետները և ամենամյա ցույցերին մասնակցելու գլխավոր նպատակը:
Մասնակիցներից դեռահաս մի աղջիկ՝ Նիդան, թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքն ամեն տարի պարտադիր կերպով մասնակցում է Պաղեստինի օրվան նվիրված քայլարշավին՝ նպատակ ունենալով աջակցել պաղեստինյան շարժմանը:

«Մենք ուզում ենք ցույց տալ Իսրայելին, որ Իրանի ժողովուրդը թև ու թիկունք է կանգնած իր պետությանը»:
Մասնակցիներից շատերը շեշտում էին նաև, որ իրենց համար այս օրը կրում է ոչ միայն քաղաքական, այլև կրոնական ու մարդասիրական բնույթ:

«Պաղեստինի օրվան մասնակցելը մեզ համար նաև հանդիսանում է կրոնական պարտավորություն։ Դա նշանակում է հովանավորել և պաշտպանել մուսուլման ժողովուրդներին և հատկապես Գազայի ժողովրդին:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Գազայում, պատերազմ չէ միայն իսլամի կամ Պաղեստինի դեմ։ Դա պատերազմ է մարդկության դեմ», – նշում էր ցույցի մասնակիցներից Հասանը:
Փողոցային հարցումների մասնակիցներն անպայմանորեն անդրադառնում էին նաև Հայաստան-Իրան հարաբերություններին՝ ՀՀ-ն որակելով եղբայրական պետություն:
Հայաստանի անունը ցուցարարների շուրթերից հնչում էր բացառապես դրական կերպով, նրանք անդրադառնաում էին հայ-իրանական հարաբերություններին՝ ընդգծելով եղբայրական կապերն ու փոխադարձ հարգանք:

«Իրանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններ կան։ Մեր հարաբերությունները եղբայրական են։ Իրանը միշտ եղել է Հայաստանի հովանավորը», – նշում էր ցուցարարներից Մուհամմադը։
Նմանատիպ մտքերը հատկապես կարևոր ուղերձ են հանդիսանում ոչ միայն պաղեստինյան համերաշխության տեսանկյունից, այլև Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կայունության կարևոր մասնակից պետության ընկալման տեսանկյունից։ Մասնակիցների խոսքերից պարզ էր դառնում նաև, որ հայ ժողովուրդն Իրանում ընկալվում է որպես հարևան և դաշնակից ժողովուրդ:
Քայլարշավի ընթացքում որոշ մասնակիցներ բացահայտ դիրքորոշում էին հայտնում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ մատնանշելով նրա վարած քաղաքականության ոչ հետևողական բնույթը։ Ցուցարարներից մեկը, որը բարձրացրել էր Էրդողանի լուսանկարը՝ «դիզլայքի» (Dislike) նշանով, շեշտում էր, որ Թուրքիայի ղեկավարությունը տարածաշրջանի շահերը զոհաբերում է իշխող կուսակցական շահերի համար։
Թղթակցի այն հարցին, թե ինչ ուղերձ ունի Իսրայելի և Թուրքիայի առաջնորդների պատկերը մեկ կտավի վրա պարզելն ու Էրդողանի պատկերին ավելացված «դիզլայք» նշանը, երիտասարդ ցուցարարը՝ Ալին, պատասխանեց.

«Ես առաջարկում եմ պարոն Էրդողանին, որ իր քաղաքական նկատառումներից ելնելով՝ հաշվի չառնի միայն իր կուսակցական շահերը, այլև հաշվի նստի տարածաշրջանի բոլոր երկրների շահերի հետ:
Որքան տարածաշրջանը հանդարտ լինի՝ Ռուսաստանից մինչև Հայաստան, Լիբանան և Սիրիա, այնքան երկրների տնտեսական զարգացումը վերելք կապրի։ Մեր տարածաշրջանի երկրները բավական լայն մշակութային ընդհանրություններ ունեն։ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը տարածաշրջանի կայունության և զարգացումների ընդլայնման դեմ է գնում և իր քաղաքական վայրիվերումներով տարածաշրջանը տանում է դեպի անկայուն վիճակի և լարվածությունների»։
Այս մեկնաբանությունները, հատկապես երբ շոշափվում է Հայաստանի անունը, արժեքավոր են՝ հասկանալու տարածաշրջանային հասարակությունների տրամադրությունները և պատկերացումները հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի վարքագծի և վարած քաղաքականության մասով:
Ընդհանուր առմամբ, Թեհրանում անցկացված միջոցառմանը տեղում հետևելը նշանակալից հնարավորություն էր դրա արտաքին քաղաքական ուղերձները վերլուծելու տեսանկյունից, ինչպես նաև հերթական անգամ արձանագրելու այն դրական մոտեցումները, որ Իրանի հասարակության լայն շրջանակներ ունեն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Այս մթնոլորտը կարևոր քաղաքական ու մշակութային ցուցիչ է երկկողմ բարեկամության խորացման հակտապես փոփոխվող աշխարհակարգի համատեքստում:
«Ալ Ղոդսի» օրվա միջոցառումը ցույց է տալիս, որ Իրանն օգտագործում է այս օրը ոչ միայն Իսրայելի դեմ հանրային բողոք արտահայտելու, այլև իր դաշնակից ժողովուրդների ու հարևան պետությունների հանդեպ դիրքորոշումները հստակորեն ցույց տալու և արտահայտելու համար։ Հայաստանի անունը հնչում էր որպես կայունության, փոխըմբռնման և բարեկամության խորհրդանիշ։









Հեղինակ՝ Անդրանիկ Տեր-Կարապետյան