Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել Russia Today լրատվական գործակալությանը։ Զրույցի ընթացքում նա անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի հարաբերություններին, միջուկային բանակցություններին և այդ գործընթացում Ռուսաստանի դերին, ինչպես նաև մի շարք այլ թեմաների։
Հարցազրույցի ընթացքում լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Արաղչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումների ընթացքում քննարկել է Կովկասի վերջին զարգացումները, և թե ինչպիսի դեր կարող են Իրանը և Ռուսաստանը խաղալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։
«Այո՛, այս թեմային ևս անդրադարձանք։ Հատկապես պարոն Լավրովի հետ բավական խորքային զրույց ունեցանք։ Իրանի և Ռուսաստանի քաղաքականությունները Կովկասի տարածաշրջանում համահունչ են։ Մենք մշտական խորհրդակցությունների մեջ ենք։ Աշխատել ենք նաև անցյալում՝ համատեղ ձևաչափերում՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Վերջերս սկսել ենք «3+3» նախաձեռնությունը, որը ներառում է Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը, ինչպես նաև Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Այս ձևաչափով նիստեր արդեն անցկացվել են, սակայն մեր վրացի բարեկամներն առայժմ որոշ վերապահումներ ունեն։ Հուսով եմ, որ առաջիկա նիստերում դրանք կհաղթահարվեն։ Այս հարցում Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումը համընկնում է. մենք վստահ ենք, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Արտաքին ուժերի ներկայությունը ոչ միայն չի նպաստում անվտանգությանը, այլև վնասակար է։ Այսպիսով, մենք կարծում ենք, որ թե՛ «3+3»-ի շրջանակում, թե՛ երկկողմ խորհրդակցություններով հնարավոր է կարգավորել Հարավային Կովկասի երկրների խնդիրները։ Իրանն ու Ռուսաստանը երկուսն էլ ուրախ են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պատրաստ է։ Հուսով ենք, այն շուտով կստորագրվի։ Մենք աջակցում ենք այդ պայմանագրին, և վստահ ենք, որ դրա ստորագրումից հետո տարածաշրջանը կմտնի նոր փուլ, կզարգանան կապերը և տնտեսական, քաղաքական ու այլ համագործակցությունները կստանան նոր շունչ»,-ասել է Արաղչին: