Արցախի արտգործնախարարն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի կողմից վերջերս հնչեցված պնդումներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, մասնավորապես, հակամարտության փուլային կարգավորման նախագծի ակտիվ քննարկման մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից վերջերս հնչեցված պնդումների կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում ընդգծել հետևյալը.
Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջնորդվում են Արցախի ժողովրդի համար երկու բարձրագույն արժեքներով. դրանք են՝ անկախություն և անվտանգություն: Ցանկացած առաջարկներ, որոնք կարող են նույնիսկ աննշան չափով սպառնալ այդ արժեքներին, Արցախի համար անընդունելի են:
Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման անքակտելի իրավունքը 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ և այնուհետև առնվազն երկու անգամ արտահայտել իր կամքը 2006 և 2017 թվականներին կայացած Սահմանադրության ընդունման հանրաքվեների ժամանակ: Արցախի իշխանություններն ու հասարակությունը հավատարիմ են իրենց ընտրած ուղուն և այսուհետ ևս հետևողական ջանքեր կգործադրեն՝ ուղղված իրենց անկախ և ժողովրդավարական պետության ամրապնդմանն ու զարգացմանը, որն իր պատասխանատու քաղաքականությամբ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում: Առկա իրականությունն անտեսելու փորձերը միայն հեռացնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները, որն անպայմանորեն պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա:
Անհրաժեշտ է նաև նշել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ: Ինչ վերաբերում է տարածքային զիջումներին, ապա դա ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի կործանում։ Այդ պարագայում իր պատմական հայրենիքում բնիկ բնակչության գոյությունն իսկ սպառնալիքի կենթարկվի: Հարկ է նաև ընդգծել, որ վերջերս Արցախում կայացած ընտրությունները համոզիչ կերպով ի ցույց են դրել ինչպես հասարակությունում, այնպես էլ հանրապետության քաղաքական ուժերի շրջանում առկա կոնսենսուսը՝ տարածքային զիջումների անթույլատրելիության վերաբերյալ:
Առանձին ուշադրության է արժանի նաև բանակցային գործընթացի ձևաչափի մասին պնդումը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը ճանաչել է անցյալում բանակցություններին Արցախի ուղղակի մասնակցության փաստը, բայց միևնույն ժամանակ լավ և օգտակար անվանել Հայաստան-Ադրբեջան հանդիպումների երկկողմ ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Սակայն ձևաչափի օգտակարության մասին կարելի է դատել լոկ արձանագրված արդյունքներով: Այս կապակցությամբ կցանկանայինք ընդգծել, որ հենց եռակողմ, այլ ոչ թե երկկողմ ձևաչափով է արձանագրվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միակ իրական արդյունքը՝ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին անժամկետ համաձայնագիրը: Այսպիսով, լիարժեք եռակողմ ձևաչափով բանակցությունների չորս տարիների ընթացքում զգալիորեն ավելին է ձեռք բերվել, քան Հայաստան-Ադրբեջան ձևաչափով երկկողմ հանդիպումների ավելի քան 20 տարիների ընթացքում:
Եռակողմ ձևաչափը գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը, և, հետևաբար, դրա վերականգնումը լուրջ ներդրում կդառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Անցյալ տարվա աշնանը ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման շուրջ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումները նույնական են: Այս դիրքորոշումը հաստատել են նաև Արցախի իշխանությունները: Սա չի նշանակում, որ բանակցություններում Հայաստանը պետք է ներկայացնի Արցախի շահերը: Համոզված ենք, որ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի շահերը պետք է ներկայացնեն Արցախի Հանրապետության պաշտոնատար անձինք, ովքեր ժողովրդի կողմից համապատասխան մանդատ են ստացել: Հայաստանի Հանրապետությունը, իր կողմից, կշարունակի պաշտպանել Արցախի Հանրապետության շահերը միջազգային ասպարեզում և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպումներում:
Հարկ է նշել, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից հնչեցված առաջարկները հանդիսանում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների ձևափոխված բազմաթիվ տարբերակներից մեկը: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ «մադրիդյան սկզբունքների» հիմնական տարրերի հրապարակումից անմիջապես հետո՝ 2009 թ. հուլիսի 15-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարներին կոչ անելով թույլ չտալ տարածաշրջանի ստատուս քվոյի խախտում` որպես կարգավորման առաջարկվող բանաձևի հիման վրա բանակցային գործընթացի արագացման հետևանք։ Նշվել է, որ Արցախն անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն հակաարդյունավետ է, այլև հղի է հակամարտության նոր սրացումով: Հայտարարության մեջ հատուկ ընդգծվել է, որ անհրաժեշտ է խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնում, Արցախի Հանրապետության վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, և կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում: Արցախի իշխանությունների այս դիրքորոշումը մնում է անփոփոխ։
2016 թ. Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիան համոզիչ կերպով ցուցադրել է արցախյան կողմի պնդումների իրավացիությունը հակամարտության նոր սրացման վտանգի մասին՝ ներկայիս ստատուս քվոն փոխելու ցանկացած փորձի դեպքում, որը ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի համար անվտանգության համակարգի հիմքերից մեկն է:
Ինչ վերաբերում է այս փուլում քննարկվող հարցերին, ապա կողմերը կարգավորման որևէ կոնկրետ պլան չեն քննարկում: Դա նշանակում է, որ սեղանին չկան, այսպես կոչված, մադրիդյան կամ այլ առաջարկներ: Ակնհայտ է, որ այժմ առավել հրատապ խնդիրներն են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, զինված ուժերի շփման գծում ռիսկերի նվազեցման մեխանիզմի ներդնումը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Հենց այս հարցերի շրջանակներում են քննարկումներ ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ժամանակ, ինչի մասին են վկայում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները: Պաշտոնական Բաքվի հայտարարությունները, որը բազմիցս դժգոհել է առարկայական բանակցությունների բացակայությունից, նույնպես փաստում են, որ կարգավորման որևէ կոնկրետ պլան չի քննարկվում», – ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: