Ադրբեջանում չեղարկվում են բոլոր մշակութային միջոցառումները, այդ թվում՝ Ռուսաստանի պետական և մասնավոր հաստատությունների կողմից նախատեսված համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։
«Հաշվի առնելով Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից էթնիկ հողի վրա ադրբեջանցիների նկատմամբ կատարված ցուցադրական, նպատակային և արտադատական սպանությունները և բռնության ակտերը, ինչպես նաև այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, չեղարկվում են Ռուսաստանի պետական և մասնավոր հաստատությունների կողմից Ադրբեջանում նախատեսված մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Մշակույթի նախարարությունը նշել է, որ նախապես տոմսեր գնած քաղաքացիները կարող են կապ հաստատել համապատասխան վաճառքի կետերի և առցանց հարթակների հետ՝ գումարը հետ ստանալու համար։
Այդ հիմքով չեղարկվել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Ադրբեջան, որը նախատեսված էր հունիսի վերջին։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՌԴ ԱԴԾ -ն Եկատերինբուրգում խուզարկություններ է անցկացրել ադրբեջանցիների շրջանում, գործողության ժամանակ երկու ադրբեջանցի է մահացել, մեկ տասնյակից ավելին էլ՝ ձերբակալվել։








