Հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության գրասենյակում տեղի ունեցավ քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Մնացականյանի դասախոսությունը՝ «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին հայ հասարակության դեմ հոգեբանական զենք դարձնելու ռազմավարությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների համատեքստում» թեմայով։
Բանախոսը նշեց, որ Ադրբեջանը օգտագործում է հայ ռազմագերիներին որպես հոգեբանական ճնշման միջոց հասարակության դեմ, որպեսզի քայքայի վերջինիս ինտելեկտուալ կարողությունները։ Բացի այդ, Ադրբեջանը դիտավորությամբ հանրայնացնում է դատական գործընթացները, նկարահանում և տարածում տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են հայ ռազմագերիները ենթարկվում նվաստացուցիչ վերաբերմունքի և բռնությունների։ Պետք է հստակ ընդգծել, որ հայ ռազմագերիների խոշտանգումները և հրապարակային նվաստացումը վտանգավոր նախադեպ են, որոնք սպառնում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։ Սա միայն անհատական իրավունքի խախտում չէ․ այն կոպտորեն հակասում է Ժնևի և Հաագայի կոնվենցիաների սկզբունքներին։ Ավելին, այս ամենը դուրս է գալիս նույնիսկ իրավական հարթությունից։ Հայ ռազմագերիների նկատմամբ բռնությունները վերածվում են մի ամբողջ ժողովրդի պատժման և նվաստացման քաղաքականության։
Բանախոսը նշեց, որ համաձայն 1949 թ․ ընդունված Ժնևի երրորդ կոնվենցիայի, որը վերաբերում է ռազմագերիների հետ վարվելու կանոններին․
- ռազմագերիները պետք է պաշտպանված լինեն խտրական վերաբերմունքից՝
- պետք է հարգվի նրանց մարդու արժանապատվությունը, արգելվում են խոշտանգումները, նվաստացումները և արժանապատվության ցանկացած խախտում։
- պետությունները պարտավոր են ապահովել ռազմագերիների կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև հնարավորություն տալ կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։
- ռազմագերիները իրավունք ունեն ունենալու արդար դատաքննության, և պետությունը պարտավոր է ապահովել նրանց հայրենադարձվելու իրավունքը։
Ադրբեջանը իրականացնում է հստակ հոգեբանական պատերազմ։ Բանախոսն ընդգծեց, որ Ադրբեջանի վարած հոգեբանական պատերազմի նպատակը կոնկրետ անձանց վնասելը չէ, այլ՝ հասարակության մեջ վախի, ընկճվածության և ահի համատարած մթնոլորտ ստեղծելը, ազգային դիմադրությունն ու ներուժը ջլատելու նպատակով։
Ադրբեջանն այսօր թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պահելով վախի, սթրեսի, անվստահության և խուճապի մեջ։ Այսօր պատերազմի մեջ հոգեբանական գործոնները հաճախ դառնում են գերակա, իսկ լրատվական և թվային տեխնոլոգիաների պայմաններում այս պատերազմը դառնում է ավելի թիրախային և ընդգրկուն։ Ադրբեջանի նման ռազմավարության նպատակն է վերացնել վստահությունը, ապակայունացնել ինտելեկտուալ, բարոյական ռեսուրսները։
Մարդու իրավունքների պաշտպանները ևս ընդգծում են, որ ռազմագերիների հարցը կիրառվում է հայ հասարակության դեմ՝ որպես հոգեբանական պատերազմի գործիք։ Այս ամենի միջոցով Ադրբեջանի վարած քաղաքականությունն ուղղակիորեն սպառնում է միջազգային մարդասիրական իրավունքին, քանի որ ռազմագերիներն օգտագործվում են շահարկման և ճնշման միջոց՝ զիջումներ կորզելու նպատակով։
Բանախոսն ընդգծեց, որ միջազգային փորձագիտական կազմակերպությունների վերլուծությունների համաձայն, հայ հասարակությունը սթրեսի մեջ է և վախենում է նոր պատերազմի վտանգից։ Ադրբեջանը հենց այս վախն է օգտագործում՝ ճնշում գործադրելու, ներքին կայունությունը խաթարելու և օրենքի գերակայությունը վերացնելու համար։
Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական պատերազմը նաև ակտիվ տեղեկատվական և հաղորդակցային պատերազմ է։ Այն նպատակ ունի նաև միջազգային հանրությանը ներշնչել իր նարատիվները։ Այս նպատակով Ադրբեջանը համագործակցում է միջազգային գիտական և փորձագիտական կազմակերպությունների հետ՝ տարածելով քարոզչական բնույթի նյութեր, որոնք նույնպես մաս են կազմում հոգեբանական պատերազմի ռազմավարության։
Ժնևյան կոնվենցիայի խախտումների դեպքում պետությունները կարող են դիմել միջազգային դատական ատյաններ։ Բանախոսն ընդգծեց, որ մեր հայցերը Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնք վերաբերում էին ադրբեջանական կողմի կողմից ռազմագերիների իրավունքների խախտումներին, ինչպես նաև գործերը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում կարևոր նշանակություն ունեն և կարող են դառնալ միջազգային նախադեպեր։







