Իսրայելը,Միացյալ Նահանգների հետ համագործակցելով, հույս ունի մոտ ապագայում վերջ դնել «ՀԱՄԱՍ» շարժման տիրապետությանը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԱՄՆ բանաձևի հաստատումը: Բանաձևը հիմնվում է Գազայի խաղաղության շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի վրա:
«ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի ծրագրի տակ ստորագրած այլ երկրների հետ համագործակցությամբ մենք ակնկալում ենք անհապաղ ստանալ բոլոր մահացած պատանդների մնացորդները, սկսել Գազայի զինաթափման և ապառազմականացման գործընթացը, ինչպես նաև ավարտին հասցնել «ՀԱՄԱՍ»-ի կառավարումը»,-ասել է Նեթանյահուն՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «լիովին հավանություն է տվել» ԱՄՆ նախագահի 20 կետանոց ծրագրին:
Վարչապետի խոսքով՝ «Թրամփի ղեկավարության շնորհիվ ձեռք բերված առաջընթացը կօգնի տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն և բարգավաճում»:
«Իսրայելը խաղաղության ձեռք է մեկնում իր բոլոր հարևաններին և կոչ է անում նրանց կարգավորել հարաբերությունները»,-հավելել է Նեթանյահուն:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձև, որը աջակցում էր Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագիրը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը քվեարկել են փաստաթղթի օգտին, Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել:







